Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում

Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սխալ է գնահատում այսօր դատարանի կայացրած որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։

«Ես գտնում եմ և միշտ էլ ասել եմ, որ հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ և այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին համարո՞ւմ եք քաղբանտարկյալ, նա պատասխանեց. «Քանի որ առանձնացված, առանձնահատուկ մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որովհետև ես միշտ ասել եմ, որ նմանատիպ մոտեցում կունենայի, եթե նման մոտեցում լիներ Հանրապետության ցանկացած բոլոր երեք նախագահների նկատմամբ, գտնում եմ, որ ինչ որ մի բան այն չէ։ Այդ դեպքում թող բոլորը մտածեն՝ նա քաղբանտարկյալ է, թե ոչ։ Իր նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է, որ կա նաև հետապնդում»։

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն, նա նշեց, որ հենց առաջին օրվանից ասել է, որ չի ընդունում այն, որովհետև ուղղորդված է, հայտնի խոսակցության տեսագրության մեջ էլ ասում են՝ «Սեյրանին ձերբակալի»։

«Ես այդ ժամանակ զինվորական եմ եղել։ Ես որևէ ծանր բան չեմ արել։ Գտնում եմ, որ պաշտպանության նախարարության ողջ անձնակազմը որևէ ծանր բան չի արել։ Ոչ մի հրաման ես չեմ տվել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել, բայց նաև նշված հրամանները կազմվել են, որպեսզի չեզոքացվեն այն երկու սպառնալիքները, որոնք այդ ժամանակ եղել են բանակում՝ խառնվելը քաղաքական գործընթացներին, ուժեղացնել հսկողությունը, պահպանությունը բոլոր զորամասերի նկատմամբ, որովհետև ԱԱԾ-ից տեղեկություններ կար, որ կարող է լինել հարձակումներ զորամասերի վրա զենք հայթայթելու նպատակով»,– ասաց Ս. Օհանյանը։

Նա նաև նշեց, որ ոչ թե հայ ժողովրդի նորագույն պատմությունն է նոր Հայաստանի մաս կազմում, այլ նոր Հայաստանն է մաս կազմում հայ ժողովրդի նորագույն պատմության, որտեղ ակնհայտ է, որ պետք է տեղի ունենան փոփոխություններ զարգացումն ապահովելու համար, պետք է հենվել այն բոլոր դրականի վրա, որ ունեցել ենք։

«Իսկ դրականի վրա հենվում են միայն ու միայն փորձառու մարդիկ»,- ասաց Ս. Օհանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում