«Փաստ». ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու

«Փաստ». ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու

«Հայտնի է վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի օրակարգը: Սկզբից նա մեկնելու է Կալիֆոռնիա նահանգ, որտեղ սեպտեմբերի 22-ին մասնակցելու է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Պարկում նախատեսված հանրահավաքին:

Կալիֆոռնիայում վարչապետը նախատեսում է մասնակցել գործարար համաժողովի, որից հետո մեկնելու է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ: Այնուհետև Փաշինյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես տեսնում ենք, վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, այն պարագայում, երբ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում էր, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, և Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպումն իրենց օրակարգում է:

Քաղաքագետները կարծում են, որ ՄԱԿ-ում Փաշինյանը առավելագույնը կարողանա պարզապես լուսանկարվել և երկու բառ փոխանակել նախագահ Թրամփի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սակայն զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել գոնե հանդիպում կազմակերպել վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Պոմպեո ֆորմատով:

Պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների բացակայությունը փաստում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես առաջընթաց չկա: Հնարավոր է՝ առաջընթացի իմաստ էլ չկա ԱՄՆ-ի համար, բայց հնարավոր է, որ պարզապես ոչինչ չի հաջողվում անել:

Իսկ հասկանալու համար, թե ինչու է հայ-ամերիկյան հարաբերություններում այսպիսի իրավիճակ ստեղծվել, պետք է խնդիրը դիտարկել մի կողմից աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում, իսկ մյուս կողմից էլ ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության շրջանակներում:

Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ շարունակում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների տակ հայտնված Իրանի հետ:

Մյուս կողմից՝ Հայաստանը ոչ միայն շարունակում է դաշնակցային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որը նույնպես տևական ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է, այլև ռուսական զորամիավորումների կազմում հայկական մարդասիրական զորախումբ է ուղարկում Սիրիա, իսկ դա բացասական արձագանքի է արժանանում ԱՄՆ-ի կողմից:

Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները նաև Չինաստանի հետ, որի հետ ԱՄՆ-ն ներկայումս առևտրային պատերազմի մեջ է:

Տնտեսական և ռազմավարական առումով Հայաստանը շատ քիչ հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն այդ հետաքրքրության աստիճանը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական տեղաշարժերով, այլև Հայաստանի քայլերով:

Եվ չնայած մեր երկրի համար ստեղծված ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններին՝ ՀՀ իշխանությունները կարող էին ելքեր գտնել հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ ձևավորելու և համագործակցությունը խորացնելու համար:

Սակայն դրա փոխարեն ներկայիս իշխանություններն ընտրեցին պասիվ գործելակերպ, քանի որ հույս ունեին, թե հենց ԱՄՆ-ն պետք է հետաքրքրություն ցուցաբերի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության նկատմամբ, սակայն այդ հույսերը սին դուրս եկան, իսկ հարաբերությունների զարգացումը մնաց «կոտրված տաշտակի առաջ»»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում