ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից

ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի վերջին օրվա հրամաններից մեկով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն, Tert.am-ի տեղեկություններով, Միհրան Դավթյանը չի հասցրել հասնել ՌԴ-ի իր աշխատավայր։ Նշանակումից երկու օր անց նա ազատվել է պաշտոնից։

Ոստիկանության լրատվական վարչությունից Tert.am-ին փոխանցեցին հետևյալը. «Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով սեպտեմբերի 20-ին Միհրան Դավթյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնից և անցել ոստիկանության կադրերի ռեզերվ»։

Նշենք, որ մամուլը գրել էր, որ պաշտոնից ազատվելու վերջին օրը Վալերիյ Օսիպյանը 40-ից ավելի հրամանագիր է ստորագրել։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ոստիկանության պետի պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 18-ին։ Նույն օրը ՀՀ վարչապետի առաջարկությամբ Վալերի Օսիպյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում