Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ

Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից որևէ մեկով որպես մեղադրյալ ներգրավված չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ լրատվական բաժնից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Սերժ Սարգսյանը և նրա փեսան՝ Միքայել Մինասյանը ներգրավված են որպես մեղադրյալ. «Սերժ Սարգսյանը, փեսան՝ Միքայել Մինասյանը, մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։ Քրեական գործեր են հարուցվել, ընթացքի մեջ են։ Հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ»,-նշել էր վարչապետը։

«Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը մեզ մոտ քննվող գործերով մեղադրյալ չեն։ Մեր գործերով միայն Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանն է որպես մեղադրյալ անցնում»,– ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման հայտնեցին ՀՔԾ-ից։

Նշենք, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի քննությունը վերապահված է ՀՔԾ-ին։ ԱԱԾ-ն եւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի տարածել ՀՀ երրորդ նախագահի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին մեղադրանք առաջադրելու մասին։

Այլ խոսքով՝ վարչապետի՝ ԱՄՆ-ում հայտարարված տեղեկությունները ՀՔԾ-ն չի հաստատում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում