Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահվել էր հատուկ նշանակության բրիգադի

Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահվել էր հատուկ նշանակության բրիգադի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից խոցվածը Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։

Ըստ այդմ՝ դիվերսիոն հարձակումը հենց այս բրիգադի զինծառայողներին էր վստահվել, սակայն ՊԲ դիրքապահներին հաջողվեց այն հետ մղել»,– ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Ավելի մանրամասն նկարագրություն արել և տարածել է Ալեն Ղուլյանը.

«Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը եւ հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն հավանականությամբ 052-րդ բրիգադում (Յաշմա)։

Քանի որ լուսանկարը սեւ ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկար, որտեղ մանրամասն երեւում է համազգեստը։

Նախ նշեմ, որ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկ ջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը։

1. աջ թևքին` ՀՆ ուժերի զինանշանը, Xüsusi Təyinatlı Qüvvələr (հատուկ նշանակության ուժեր) գրառմամբ

2. կրծքամասի ձախ մասում ամրացված է կպչունակ՝ որտեղ նշվում է թե կոնկրետ ինչ պատրաստականություն է անցել տվյալ զինծառայողը (ալպինիստ,դիպուկահար,ջրասուզակ, հետախույզ, դահուկորդ եւ այլն )

3. ձախ թևքին` Ադրբեջանի զինված ուժերի զինանշանը, Azərbaycan ordusu (Ադրբեջանական բանակ) գրառմամբ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Ու թեև ադրբեջանական որոշ աղբյուրներ փորձեցին Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովին ներկայացնել որպես մոլորված, դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում