Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու եզակի որմնանկարները վերականգնվել են

Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու եզակի որմնանկարները վերականգնվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մեղրիում օրեր առաջ վերաբացվել է է Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցին (17-րդ դար)։ Սյունիքի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ երեք տարի տևած վերակառուցման ու պահպանության ծրագիրն իրականացվել է «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով, և եկեղեցին ընտրվել էր իր՝ որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող՝ տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարների համար։ Աշխատանքների համար ամերիկյան կողմը 510 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել։ Ծրագրի շնորհիվ հաջողվել է կործանումից փրկել ու վերականգնել եզակի որմնանկարները, եկեղեցին ապահովվել է ջրահեռացման, օդափոխության համակարգերով, փոխվել է տանիքն ու բարեկարգվել դեպի հոգևոր տուն տանող ճանապարհը։

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ. Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։

Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Հովհաննիսյանի էջից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում