Էրդողանին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Նյու Յորքում՝ հիշեցնելով հայերի դեմ իրականացրած հարձակումը

Էրդողանին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Նյու Յորքում՝ հիշեցնելով հայերի դեմ իրականացրած հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Նյու Յորքում, ուր նա ժամանել է մասնակցելու ՄԱԿ-ի ԳՎ 74-րդ նստաշրջանին, «հյուրընկալ» ընդունելություն են ցույց տվել. քաղաքի փողոցներով բեռնատար մեքենաներ են երթևեկել, որոնց վրա Էրդողանին ուղղված մեղադրական պաստառներ էին փակցված առ այն, որ նա օգնել և աջակցել է Սիրիայում գործող զինված խմբավորումներին:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, մեքենաներից մի քանիսի վրա առկա են եղել հետևյալ բովանդակությամբ գրություններ. «Էրդողանը՝ ջիհադական ահաբեկիչների կնքահայր, Միացյալ Նահանգները նրան չի աջակցում»:

Էրդողանը, Նյու Յորքում գտնվելով հասցրել է բացել հանրահայտ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև հանդիպում է ունեցել հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հակասեմական հրեական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, որպես կանոն, Էրդողանը քննարկում է Իսրայելի դեմ արվող քարոզչական գործողությունները:

Այս համատեքստում տեղի ԶԼՄ-ներն Էրդողանին հիշեցրել են, թե ինչ է տեղի ունեցել 2017-ի մայիսին Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ, երբ թուրք առաջնորդի թիկնապահները նրա աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարներին:

ԱՄՆ իշխանություններն այն ժամանակ ցուցարարների դեմ իրականացված հարձակման համար մեղադրանք էին հնչեցրել 19 մարդու դեմ, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում