Լավրովը մեկնաբանել է Բելառուսի՝ ռուսական ռազմաբազա տեղադրելու մերժումը

Լավրովը մեկնաբանել է Բելառուսի՝ ռուսական ռազմաբազա տեղադրելու մերժումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բելառուսի կողմից ռուսական ռազմաբազայի տեղակայումը մերժելը տհաճ դրվագ է, բայց գլխավորն այն է, որ Մինսկը հաստատում է Մոսկվայի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը։ Նման հայտարարություն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է Ria-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները բազմիցս բարձրացնում էին Բելառուսում ռուսական ավիաբազա ստեղծելու հնարավորության թեման, ավելի ուշ երկու կողմերն ասում էին, որ այդ թեմայի շուրջ բանակցություններ են ընթանում: 2015-ի հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ ոչ Մինսկին, ոչ Մոսկվային ռազմական տեսանկյունից պետք չեն ռուսական ռազմական ավիաբազայի տեղակայումը, և լրատվամիջոցներում այս թեմայի շուրջ աղմուկն անվանեց քաղաքական:

«Սա իսկապես տհաճ դրվագ է: Բայց հիմնականը ձևը չէ, այլ բովանդակությունը: Ըստ բովանդակության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս ասել է՝ ներառյալ պատասխանելով բազայի վերաբերյալ հարցին, որ Բելառուսը Ռուսաստանի 100% դաշնակիցն է, և որ բելառուսական զինված ուժերին պետք է դիտել որպես մեր ընդհանուր շահերի և մեր ընդհանուր տարածքի պաշտպաններ»,- ասել է Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

Լավրովը նաև անդրադարձել է այն փաստին, որ Մինսկը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և Բելառուսի դիրքորոշումը՝ Ղրիմը Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու հարցում:

«Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք պարտադրում: Ես գիտեմ, թե ինչպես էր ապահովվում Կոսովոյի անկախությունը ճանաչողների քանակական կազմը, և մենք երբեք մեզ այդպես չենք պահի մեր հարևանների, գործընկերների և դաշնակիցների հետ»,- ասել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում