Աշխարհի ամենամեծ գաթայի համտես-հյուրասիրությունը՝ Երևանում

Աշխարհի ամենամեծ գաթայի համտես-հյուրասիրությունը՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես-հյուրասիրությունն արդեն դառնում է երևանյան ավանդույթներից մեկը, որն ավելի ճանաչելի է դարձնում հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան:

Կարապի լճի տարածքում այսօր երևանցիներին, քաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացված գաթան 65մ երկարություն և 410 կգ քաշ ուներ, որը գերազանցում էր իր իսկ կողմից սահմանված նախորդ ռեկորդները:

Նշենք, որ նախորդ տարվա գաթան կշռում էր 368 կգ, երկարությունը 60 մետր էր, իսկ լայնությունը՝ 37սմ։ Այն պաշտոնապես գրանցվել է «GUINNESS WORLD RECORDS»-ի կողմից:

Գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ նախապատրաստական ընդհանուր աշխատանքները տևել են 10 օր, բայց գաթան թխվել է 2 օրում:

«Աշխատանքները կատարել են վեց հոգի, բաղադրության մեջ օգտագործվել է հայկական չրեր ու նուշ։ Գաթայից կարող է օգտվել մոտ հինգ հազար մարդ»,- նշեց նա։

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ նպատակ ունեն տարեցտարի ռեկորդը գերազանցելով՝ շրջապատել Կարապի լիճը գաթայով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում