Ցածր եկամտաբերությամբ եվրոբոնդերի թողարկումը նոր պետական պարտքն է ավելի ցածր տոկոսադրույքով. փորձագետ

Ցածր եկամտաբերությամբ եվրոբոնդերի թողարկումը նոր պետական պարտքն է ավելի ցածր տոկոսադրույքով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երեկ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ ներկայացնելով Հայաստանի կողմից 500 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկման մասին լուրը: Վարչապետը պնդում է, որ եվրոբոնդերի տեղակայումը գրանցվել է աննախադեպ՝ 4,2 տոկոսով, ինչը մեր տնտեսության ներդրումային վստահության մասին է խոսում: Հարցի շուրջ Times.am-ի լրագրողը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք թողարկված եվրոբոնդերի եկամտաբերության անկման փաստը:

-Երկրի կողմից թողարկվող եվրոբոնդերի եկամտաբերության անկումը միանշանակ դրական է, և առաջին հերթին այն պարզ պատճառով, որ այդ ամենը փաստացի նշանակում է ավելի էժան տոկոսադրույքով վարկի ստացում: Այլ է հարցը, թե ինչ նպատակներով են թողարկվում պարտատոմսերը և ինչպես է այդ ամենը ներկայացվում: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ նոր եվրոբոնդերի թողարկումը նախկինում թողարկված պարտատոմսերի մարման ժամկետի հետաձգման նպատակն ունի: Պարզ ասաց, վարկի ժամկետն են երկարաձգում ավելի մատչելի պայմաններով: Բոլորիս շրջապատում շատ հաճախ տեղի ունեցող իրադարձություն է, պարզապես մասշտաբներն ու շահառուներն են տարբեր. մի վարկը մյուսով մարելու կամ երկարաձգելու պրոցեսի մեջ ենք: Որպեսզի հասկանանք 4,2 տոկոսի աննախադեպության ողջ հմայքը, տրանսֆորմացնենք օրինակի վրա: Ինչպես բանկերն են հաճախ ավելի էժան գործիքներով «գնում» այլ բանկերի հաճախորդների պարտավորությունները, այնպես էլ եվրոբոնդերի շուկայում է դա տեղի ունենում: Հիմա, պե՞տք է արդյոք քաղաքացուն լինել վստահելի այդ գործիքից օգտվելու համար, իհարկե պետք է: Լա՞վ է, որ վստահելի է՝ ունի լավ վարկային պատմություն, վճարունակ է, իհարկե լավ է, բայց չէ՞-որ սա ոչ միայն քաղաքացու ֆինանսական պատմության արդյունք է, այլ նաև և առավելապես ֆինանսական սուբյեկտների միջև մրցակցության… Նույնը պետության դեպքում է. մենք մի վարկը մարելու համար ավելի էժան վարկ ենք ներգրավում, ի դեպ՝ ի թիվս մի շարք գործոնների, այդ թվում բարձր վճարունակության շնորհիվ, ինչն ապահովվում է տարիների ընթացքում:

– Այսինքն եվրոբոնդերի տոկոսադրույքի նվազումն էական նշանակություն չունի՞:

– Իհարկե այդպես չէ: Անշուշտ դա մեր պետության համար դրական տեղաշարժ է, իր բոլոր հետևանքներով, այդ թվում նաև ի դեմս այս ամենի արդյունքում վճարվող դիվիդենտների պակասեցման, հենց այն խնայողություններն են, որի մասին խոսեց նաև վարչապետը: Մյուս կողմից նոր ավելի մատչելի վարկերի ներգրավման համար լավ ազդակ է, ինչը կարող է ներքին սպառման վարկերի տոկոսադրույքների վրա ազդել: Սակայն այս ամենը տնտեսական հեղափոխության կոնցեպտում ներկայացնելը այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ ինչպես ասացի եվրոբոնդերի տոկոսադրույքի անկումը պատճառների համախմբի արդյունք է:

Այս ամենում մեծ դերակատություն ունեն նաև միջազգային վարկանիշային գործակալությունները: Պատահական չէ, որ ավելի էժան տոկոսադրույքով եվրոբոնդեր թողարկում ենք Moody’s ընկերության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի դրական փոփոխությունից հետո: Դեռևս այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանին տրվում է նոր եվրոբոնդեր թողարկելու ազդակ, ինչից մեր պետությունը, պետք է ասել, շատ ճիշտ կողմնորոշվելով օգտվեց: Հիշեցնեմ, որ Moody’s-ը մասնավոր ընկերություն է և այս կամ այն երկրի վարկանիշի փոփոխությունը երբեմն իրականացնում է հենց եվրոբոնդերի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով: Վերջին շրջանում եվրոբոնդերի պահանջարկի անկում կար, այդ իսկ պատճառով իրակացվում են միջոցառումներ եվրոբոնդերի թողարկումը մոտիվացնելու հատկապես զարգացող տնտեսությունների շրջանում: Սա ևս պետք է հաշվի առնել:

Այսինքն մի կողմից ստացվում է, որ մենք հին վարկը մարելու նպատակով վերցնում ենք նորը: Սա պետության համար շատ բնական գործընթաց է, ինչպիսին որ եղել է նաև նախկինում՝ այն ժամանակ, երբ այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից քննադատվում էր: Սակայն նոր վարկը այսօր ներկայացվում է իջեցված տոկոսադրույքի լույսի ներքո՝ փորձելով մեղմել նոր վարկի հնարավոր բացասական ընկալման հավանականությունը հանրության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում