ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում