Նորաշենի համայնքապետին ազատելու գործընթացը կեղծ է, մարզպետը պետք է վերանայի հրամանը. համայնքապետարանի ներկայացուցիչ (տեսանյութ)

Նորաշենի համայնքապետին ազատելու գործընթացը կեղծ է, մարզպետը պետք է վերանայի հրամանը. համայնքապետարանի ներկայացուցիչ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես լավ առաջարկ ունեմ, թող Արարատի մարզպետը վերանայի նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու իր կարգադրությունը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորաշենի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը:

Նա նշեց, որ Նորաշենի արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի ազատման հրամանագիրը շուրջ 17 օր թաքցվել է իրենցից և թաքցվել է մարզպետարանի շենքում:

«Ես խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին՝ զբաղվեք այդ հարցով, վերանայեք այդ ամբողջը: Այստեղ կա մի կեղծ գործընթաց, որից հետո մեզ ասում են՝ դիմեք դատարան, կդիմենք դատարան, բայց դրա վերականգնման ճանապարհը ո՞նց եք տեսնում: Ես լավ առաջարկ ունեմ, թող մեր մարզպետը վերանայի իր կարգադրությունը»,- ասաց Վարդան Մինասյանը:

Նրա պնդմամբ՝ համայնքապետարանը բախվել է մի խնդրի, որից հետո չգիտեն իրենց հաջորդ քայլը: «Աշխատակազմը հրաժարվում է այս պայմաններում աշխատել, որովհետև երբ բացվեն համայնքապետարանի դռները, և սկսվի աշխատանքային ժամը, պետք է, իրենց ասելով, նախկին համայնքապետը գրանցի այդ նիստը: Լավ, ո՞վ է բերելու այդ որոշումը, մենք չենք տվել ձեզ կնքված, վավերացված արձանագրություն: Դուք՝ մարզպետարան, ձեր միջոցով որոշումն ուղարկել եք նախարարություն, դուք իրավունք չունեիք, եթե մենք ձեզ չենք ուղարկել, դուք ինչպե՞ս եք ուղարկել: Այդ փաստաթուղթը ոչ մի տեղ չի մուտքագրվել, ինչը մեծ խնդիր է: Նորայր Գրիգորյանն արձակուրդում է, միանգամից գալիս է նրա կարգադրությունը: Ո՞ւր է որոշումը, ո՞ւմ որոշման հիման վրա, ավագանո՞ւ, ավագանին կարող է որոշում տալ, եթե կա ավագանու 5 անդամի ստորագրություն, բայց այդտեղ չկա»,– ասաց նա և հավելեց, որ բացի մարզպետի հրամանից, գրված է ավագանու որոշում և այնտեղից բացակայում է նիստ բառը:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցրել է և համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին՝ իրենց կողմից ընտրված համանքապետին վերականգնել պաշտոնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում