Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այս գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այս գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ընթացող դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին տեղեկացրեց՝ իրենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են պատրաստել, սակայն տեղյակ են, որ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Ես դեմ չեմ, որ մինչև իմ միջնորդությունը ներկայացվի իմ գործընկերոջ միջնորդությունը»,-ասաց Ալումյանը։

Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, քանի որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստել են ինքնաբացարկի միջնորդություն, ապա դատարանը հնարավոր չի գտնում մինչ այդ միջնորդության լուծումն անդրադառնալ որևէ այլ միջնորդության քննարկմանը։

Արմեն Գևորգյանի փաստաբանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չտվեց։

«Հարգելի դատարան, մենք առարկում ենք Ձեր ապօրինի գործողությունների դեմ, քանի որ հայտարարություն կատարելը հանդիսանում է պաշտպանական իրավունքի բաղադրատարր»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ի պատասխան դատավորը կրկնեց՝ դատարանը հայտարարությունը չի լսում և դրան չի անդրադառնում։

Դրանից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են։

«Նախ՝ Դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել, և երկրորդը՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»,-ասաց Ալումյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում