Շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայն Միացյալ Նահանգների հետ. Դավիթ Բաբայան

Շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայն Միացյալ Նահանգների հետ. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ամերիկացի կոնգրեսականների այցն Արցախ շատ կարևոր է։ Այն կնպաստի ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ, ինչ-որ տեղ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ամերիկացի կոնգրեսականներ Ջեքի Սփիրի, Ջուդի Չունի և Ֆրանք Փալոնի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։

«Այսպիսի այցելությունները կախված են մեր՝ Եռամիասնության շրջանակներում կատարվող աշխատանքներից։ Արցախում ընդհանուր առմամբ նորմալ և դրական են գնահատում ամերիկացի քաղաքական գործիչների այցը։ Հուսով ենք, որ այցերը շարունակական կլինեն։ Ընդ որում շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև ամենատարբեր երկրների հետ», – նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիրը, Ջուդի Չուն և Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել:

Հիշեցնենք նաև, որ կոնգրեսական Չուն ավելի վաղ հանդես էր եկել նախաձեռնությամբ, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության կողմից։

Այդ նախաձեռնությունը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։ Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում է սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում