ԱՄՆ-ն իր զինվորականներին դուրս է բերել Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի կողմից ծրագրվող ռազմական գործողության պատճառով

ԱՄՆ-ն իր զինվորականներին դուրս է բերել Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի կողմից ծրագրվող ռազմական գործողության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ծրագրվող ռազմական գործողության ֆոնին Սիրիայի հյուսիսից դուրս է բերել իր զինվորականներին, հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մնացել է անփոփոխ:

«Գերատեսչության դիրքորոշումը եղել և մնում է նույնը՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը կայունության պահպանման լավագույն ճանապարհն է: Ցավոք, Թուրքիան որոշել է միակողմանի գործել: Այդ պատճառով մենք ԱՄՆ-ի ուժերը Սիրիայի հյուսիսից դուրս բերեցինք՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար: Ներկայում մենք Սիրիայում մեր ուժային ներկայության մեջ փոփոխություններ չենք մտցրել»,- ասված է հայտարարության մեջ:

Հոֆմանը նաև հերքել է ամերիկյան որոշ լրատվամիջոցների հաղորդումներն առ այն, թե նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հարցի շուրջ խորհրդակցություններ չի անցկացրել Պենտագոնի ղեկավարի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում