ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների ներգրավմամբ հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկած համատեղ զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը համատեղ ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Զորավարժության ավարտական՝ մարտական կրակի կիրառմամբ անցկացված փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՌԴ ԶՈՒ Հարավային օգրուգի հրամանատարության ներկայացուցիչներ:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական բնույթի գործողություններ, ներգրավվել է մեծաքանակ ցամաքային և օդային մարտական տեխնիկա։

Զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մի շարք զինծառայողներ կրակային փուլի ավարտին խրախուսվել են արժեքավոր նվերներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում