«Հրապարակ».«Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք…»

«Հրապարակ».«Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք…»

«Ինչպես տեղեկացանք` երեկ երեկոյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունը ստորագրողները 10-ն են։

«Նկատենք, որ հայտարարության մեջ շատ նուրբ ձևով սղղացվել է «պաշտպանության տակ է նաև… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը մեզ մոտ տարընթերցումների առիթ է տվել։ Կարո՞ղ ենք դրա տակ հասկանալ, որ մարդը ծնվել է կին, սակայն իրեն զգում է տղամարդ ու պնդում է իր այդ գենետիկան»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

ԲՀԿ ֆրակցիայից մեզ ասացին, որ իրենք երբևէ որևէ դեպքում չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ «Պատեհ պահին կպատրաստենք ատելության խոսքը բացառող մեկ այլ հայտարարություն և կարծում ենք` «Իմ քայլը» կստորագրի այդ հայտարարությունը»,- ասացին ԲՀԿ-ից ու ավելացրին․ «Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք, իրենք ընդամենը այլ հայացքներ ունեն, որովհետև գենետիկական հատկանիշն է այդպիսին»:

Հիշենք, որ ԼՀԿ-ից մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը նույնպես չի ստորագրել հայտարարությունը։ Ինչո՞ւ․ հարցրինք նրան։ «Չեմ ստորագրել, որովհետև մանրամասն չեմ ծանոթացել այդ նախագծին, որը հիշատակվում է հայտարարության մեջ։ Այս պահին մեկնում եմ Հոլանդիա՝ գործուղման, կվերադառնամ, կանդրադառնամ այդ խնդրին»: Իսկ «Լուսավորի» դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ «Մենք, անշուշտ, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է ատելության խոսքին, սակայն դիրքորոշում կհայտնենք նախագծին ծանոթանալուց հետո միայն»:

Ի դեպ, հայտարարությունը չի ստորագրել նաև հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի իմքայլական ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: «Կմիանա՞ն արդյոք ձեր խմբակցության բոլոր պատգամավորները» հարցին Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Եթե տեքստը գրել ենք, ուրեմն համահունչ է, չէ՞, մեր խմբակցության ընդհանուր որդեգրած մոտեցումներին․․․ Երբ հասկանամ, որ մյուս խմբակցությունները չեն միանում, այլ անհատ պատգամավորներ են միանում, նոր մեր խմբակցության առջև հարց կդրվի, որ անհատները ստորագրեն»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում