Թուրքիայի արտգործնախարարը նշել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պատճառը

Թուրքիայի արտգործնախարարը նշել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Անկարան չի փոխի իր քաղաքականությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ, ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր «քանդել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան «անցնի թույլատրելիի սահմանը»: Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր նաև «ուժեղ հարված հասցնել», եթե Թուրքիան «կանոններով չխաղա»:

Ըստ Չավուշօղլուի՝ եթե Անկարան վախենար որևէ հայտարարությունից, ապա Սիրիայում ռազմական գործողություններ չէր սկսի: Դիվանագետը նաև ասել է, որ չի կարող մեկնաբանել Թրամփի թվիթները:

«Նրա վրա ճնշում է գործադրվում, նա փորձում է ինչ-որ բան անել, նրա թվիթերն այնքան տարբեր են, որ ես չգիտեմ, թե կոնկրետ որը մեկնաբանեմ: Չնայած հայտարարությունների, Թուրքիան կատարելու է այն, ինչ անհրաժեշտ կհամարի» , – ասել է արտգործնախարարը:

Չավուշօղլուն շեշտել է, որ թուրքական բանակը ստիպված է եղել սկսել ռազմական օպերացիան ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զենք մատակարարելու պատճառով:

«ԱՄՆ-ն ասաց, որ կհանի զորքերը Սիրիայից, բայց չարեց, մեր համբերությունն էլ անսահման չէ»,- նշել է դիվանագետը:

Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի արգելելու թուրքական ավիացիայի մասնակցությունը Սիրիայում տեղի ունեցող գործողություններին:

«Սա Սիրիայի տարածքն է, և ԱՄՆ-ն իրավունք չունի հրամայել՝ ով պետք է թռչի և ով ոչ»,– եզրափակել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում