Ռուս պրանկերները Թուրքիայի պաշտպանության նախարարի անունից զանգահարել են ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին (ձայնագրություն)

Ռուս պրանկերները Թուրքիայի պաշտպանության նախարարի անունից զանգահարել են ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին (ձայնագրություն)

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են Վովան և Լեքսուս կեղծանուններով, զանգահարել են ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմին և ներկայացել որպես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, հայտնում է politico.com-ը:

Սենատորի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ սովորաբար իրենք շատ ուշադիր են լինում և կանխում են ցանկացած հնարավոր կատակ, սակայն այս պարագայում նրանք դա չեն կարողացել բացահայտել, այդ իսկ պատճառով «կեղծ» զրույցը, այնուամենայնիվ, կայացել է, ի դեպ, դա տեղի է ունեցել դեռ օգոստոսին:

«Նրանք հայտնել են սենատորին, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» լուրջ խնդիր է, և այժմ Թուրքիան ստիպված կլինի ապահովել Սիրիայում այդ վտանգից պաշտպանությունը»,– հայտնել է նա:

Ի դեպ, նախօրեին հենց այս սենատորը Twitter-ում հրապարակել էր բանաձևի նախագիծ, որն առաջարկում է անհատական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատճառով:

Բանաձևի նախագիծը ենթադրում է ԱՄՆ տարածքում այդ անձանց ակտիվների սառեցում, Թուրքիայի ղեկավարության նկատմամբ վիզային սահմանափակումների սահմանում, թուրքական բանակին ամերիկյան սպառազինության վաճառքի արգելք և այլն:

Գրեհեմն աջակցություն է ակնկալել երկու կուսակցությունների ներկայացուցիչներից։ Նրա խոսքով՝ կոնգրեսականների մեծ մասը կարծում է, որ «ճիշտ չի լինի լքել քրդերին, որոնք ցույց են տվել, որ ուժեղ դաշնակից են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:

Սենատորը նաև նշել է, որ նախագահի վարչակազմը «հրաժարվում է գործել»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի:

Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում