Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է. ՀՀ փոխարտգործնախարար

Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է. ՀՀ փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Aysor.am: Իրականում բանակցային գործընթացում մենք մեկ արդյունք ունենք՝ դա 1994 թվականի ռազմական գործողությունների և կրակի դադարցման մասին համաձայանգիրն էր, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Կա փաստաթուղթ, որով այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը լիազորել է իրենց խորհրդարանի փոխխոսնակին ԼՂՀ համապատասխան պաշտոնյայի հետ հանդիպել և նախապատրաստել երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումը։ Ի՞նչն է էական այդ փաստաթղթում. այն ռուսերենով է կազմված, և երբ խոսքը գնում է Արցախի մասին, օգտագործվել է «НКР» հապավումը, որը նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ Հեյդար Ալիևի ստորագրությունն է։ Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Ադրբեջանն ընդունել է Արցախը՝ որպես հակամարտության կողմ, տարբեր մակարդակներով բանակցել նրա հետ», – հիշեցրեց ՀՀ փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ այժմ, քանի դեռ Ադրբեջանը խուսափում է Արցախի հետ ուղիղ բանակցություններից, ավելին՝ ձևացնում, որ այդպիսի սուբյեկտ չկա, ուրեմն որևէ առաջընթաց բանակցություններում չի ցանկանում։

«Առանց Արցախի բանակցություններոըկ որևէ առաջընթաց անհնարին է։ Որևէ մեկը լիազորված չէ խոսել Արցախի փոխարեն։ Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է, և բանակցությունների քողի տակ իրականացնում է քարոզչական պատերազմ՝ ապացուցելու միջազգային հանրությանը, որ իրականում այստեղ ոչ թե ինքնորոշման իրավունք է, այլ ընդամենը՝ տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև», – շեշտեց բանախոսը։

Վերջում Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ ի պատասխան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ Ադրբեջանի կողմից տեղի ունեցան բարբարոսական գործողություններ՝ Սումգայիթի, Բաքվի ջարդեր, քնած հայ սպայի կացնահարում, Ապրիլյան պատերազմ։

«Ընդամենը 4 օրում Ադրբեջանն այնպիսի բարբարոսություններ իրականացրեց, որոնքլիովին բնորոշ էին ամենածայրահեղ ահաբեկչական խմբավորումներին»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում