«Սորոսի» գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ. Նարեկ Մալյան

«Սորոսի» գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ. Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Tert.am: «Սորոսի» («Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»- խմբ.) գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը` նշելով, որ այդ արշավի նպատակն իրենց չեզոքացնելն ու լռեցնելն է:

«Ինձ մոտ տպավորություն է, որ 1937 թվականի մատնիչների ժառանգները մեծացել ու դարձել են «սորոսականներ»: Երբ ուսումնասիրել եմ «սորոսականներին», կորցրել եմ հավատս ամեն ինչի հանդեպ: Իրենք ամեն ինչի ընդունակ են»,-ասաց Մալյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր իր և «ՎԵՏՕ» շարժման դեմ հերթական բողոքն է գնացել Սորոսի գրասենյակի կողմից: Նարեկ Մալյանին և «ՎԵՏՕ»-ին մեղադրում են վանդալիզմի մեջ:

«Վանդալիզմը շենքերը կամ այլ կառույցները անպարկեշտ գրառումներով կամ պատկերներով պղծելն է, իսկ մենք գրասենյակի մոտ գետնին նկարել ենք Ջորջ Սորոսին և գրել ենք «սորոսի վաստակներ» բառակապակցությունը: Այժմ իրենք պետք է ապացուցեն, որ այդ բառակապակցությունն անպարկեշտ է»,-նշեց Նարեկ Մալյանը:

Դա անելու համար, ըստ Նարեկ Մալյանի տեղեկությունների, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը դիմել է «Ռեստարտ» ՀԿ-ի անդամներին և ասել, որ այդ արտահայտությունն անհապաղ պետք է դարձնել հայհոյանք:

Նարեկ Մալյանը տեղեկացրեց նաև, որ Ոստիկանությունում հրաժարվել է որևէ բացատրություն տալ: «Թողնելու եմ, որ իրավապահ համակարգն ինքը ապացուցի, որ վերը նշված արտահայտությունները համազոր ու հավասար են»,-ամփոփեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում