«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում

«Բանկային կապիտալը դուրս է գալիս տնտեսությունից: Եվ ամենևին կարևոր չէ, որ վարկերն ավելանում են: Կարևոր է, թե ուր են գնում գումարները:

Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են: Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը: Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով: Հրապա­րակված վերջին տվյալներով ան­ցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը: Արդեն այս տար­վա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ:

Մեկ տարում բանկերի վարկային ներդրումները արդյունաբերության մեջ կրճատվել են 11,7 տոկոսով: Իսկ դա լուրջ անկում է: Սա տնտե­սության այն միակ, բայց ամենակարևոր հատվածն է, որտեղ բան­կային կապիտալը նվազել է: Թեև այնպես չէ, որ գյուղատնտեսությու­նը գտնվել է փայլուն վիճակում: Գարնան նախաշեմին կառավարու­թյունը՝ վարչապետի գլխավորու­թյամբ, այնպիսի ծրագրերի ու դրանց շրջանակներում հատկաց­վող վարկերի սուբսիդավորման, անհատույց գումարների տրամադրման մասին էր խոսում, որ թվում էր, թե ուր որ է գյուղատնտե­սությունը փողի տեղ ու դադար չի ունենալու:

Թե ինչ եղավ հետո, դժվար չէ կռահել: Գյուղատնտեսությունը շա­րունակում է անկում գրանցել, իսկ այդ ծրագրերից նորություն չկա: Աս­վեց ու մոռացվեց: Արդյունքների մասին այլևս ոչ մեկը չի խոսում: Չնայած, եթե ասելու բան լիներ, հի­մա վարչապետը վաղուց մի քանի շռնդալից գրառումներ էր արել:

Այն, ինչ տեղի է ունեցել գյուղոլորտի վարկավորման բանկային պորտֆելում, լիովին տեղավորվում է տնտեսության այս հատվածի զարգացումների շրջանակներում: Ռազմավարական ճյուղ հայտա­րարված ու կառավարության «բարձր» հովանավորության տակ գտնվող գյուղատնտեսության մեջ բանկային կապիտալը, ի տարբե­րություն արդյունաբերության, վեր­ջին մեկ տարում, իհարկե, ավելա­ցել է: Այլ հարց է, թե ինչքա՞ն, մեկ տարում ընդամենը 1,2 մլրդ դրա­մով: Աճը չի հասնում նույնիսկ 1 տո­կոսի: Այս թվերը շատ խոսուն են: Դրանք վկայում են, թե կառավարության ասածներն ու իրականու­թյունն ինչքանով են տարբեր: Բան­կերի ու տնտեսության իրական հատվածի միջև անջրպետը խորա­նում է: Հույսերը, որ տնտեսական հե­ղափոխության շարժիչ ուժը պիտի դառնա բանկային կապիտալը, այդ­պես էլ մեկ տարի հետո չեն իրակա­նանում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում