ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել

ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄարդու իրավունքների եվրոպական դատարանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՄԻԵԴ-ը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ էր ընդունել: Այժմ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը և այն քննելու համար սահմանել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով, ասված է ՄԻԵԴ-ի հրապարակման մեջ:

Նշվում է, որ հանձնաժողովի նախագահը նաև սահմանել է ներքին դատավարության կամ այլ շահագրգիռ կողմերից, ներառյալ՝ ՀՀ կառավարությունից և Մարդու իրավունքների հանձնակատարից նյութերի ներկայացման ժամկետները:

Սահմանադրական դատարանի հարցումը կապված է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար:

Նշվում է, որ խորհրդատվական եզրակացության ընդունման խնդրանքը ներկայացվել էր 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, և հոկտեմբերի 2-ին այն վարույթ է ընդունվել:

Սահմանադրական դատարանի կողմից հարցված խորհրդատվական եզրակացությունը վերաբերում է իր քննության ներքո գտնվող գործին, որի շրջանակում դատարանը պետք է վերանայի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վերաբերում է «սահմանադրական կարգի տապալմանը»:

Սահմանադրական դատարանը Եվրոպական դատարանից եզրակացություն է խնդրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (առանց օրենքի պատժի անթույլատրելիության) որոշ կետերի, մասնավորապես՝ «օրենք» հասկացության, օրենքի որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության հասկացությունների, ինչպես նաև քրեական օրենքի հետադարձ ուժի բացակայության վերաբերյալ:

Մանրամասնելով ՄԻԵԴ-ի թիվ 16-րդ արձանագրության էությունը՝ նշվում է, որ այն «թույլ է տալիս վավերացված անդամ պետությունների կողմից սահմանված բարձրագույն դատարաններին և տրիբունալներին խորհրդատվական եզրակացություններ պահանջել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են եվրոպական կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում