Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից

Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 11-ին Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին:

Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին անցումը կլինի Գրինվիչի ժամանակով 12։35-ից մինչև 18։04 և կտևի ընդհանուր առմամբ 5 ժամ 29 րոպե։ Նախորդ անցման (2016թ.) տևողությունը եղել է մոտավորապես 7,5 ժամ: Այս անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։

Ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել: Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջում՝ արևամուտի ժամանակ։
Աստղադիտարանը ՀՀ քաղաքացիների և բոլոր ցանկացողների համար նոյեմբերի 11-ին կկազմակերպի դիտում:

Աստղադիտարանից հայտնում են, որ հաջորդ նման անցումները տեղի կունենան 2032 և 2039 թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում