Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ

Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի մարզում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանի մառանում, կայացավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ գործարարները չեն բաժանվում իշխանականի ու ընդդիմադիրի:

Վարչապետի՝ վերոնշյալ մտքի, ինչպես համաժողովի վերաբերյալ առհասարակ, զրուցեցինք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

«Ի սկզբանե կցանկանայի նշել, որ ընդհանուր առմամբ, դրական է վարչապետի մասնակցությամբ մարզային գործարար ֆորումների անցկացումը: Ըստ էության, այդպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս վարչապետին, այսպես ասած, «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ Հայաստանի գործարար հնարավորությունների, դրանցում առկա խնդիրների մասին: Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզում Փաշինյանի՝ արդեն հայտնի դարձած հայտարարությանը, թե գործարարների շրջանում չկան ընդդիմադիրներ և իշխանականներ, կամ, որ գործարարների շրջանում, մեջբերում եմ, «մենք չունենք թշնամիներ», իրականում խնդրահարույց է, ընդ որում՝ տարբեր հարթություններում: Նախ, փաստացի այս հայտարարությամբ պարզ է դառնում, որ պետության բոլոր ոլորտներում, առանց բացառության, սևերի ու սպիտակների տարանջատմամբ իշխանության եկած ուժն այսօր կանգնած է այն բացասական հետևանքների առաջ, որոնք ծնունդ են այդպիսի տարանջատումների: Կա կոնսոլիդացիայի հստակ կարիք այս պահի դրությամբ, երբ արդեն տարին մոտենում է ավարտին և արդեն պարզ է դառնում, որ տնտեսական ցուցանիշները հեռու են «հեղափոխական» լինելուց: Թերևս հենց սրանով կարելի է պայմանավորել, որ Փաշինյանին ոչ հատուկ «բոլորը մերն են» սկզբունքով արված հայտարարության առաջին հասցեատերերը հենց գործարարներն են: Վստահ եմ՝ նմանատիպ հայտարարություններ առաջիկայում դեռ շատ ենք լսելու ու տաբեր ոլորտի ներկայացուցիչների հետ կապված: Մինչդեռ մինչ այդ, մենք կանգնած ենք շատ ցավալի մի հարցի առաջ. եթե գործարարների շրջանում իշխանությունը չունի թշնամի, կարելի է կարծել, որ կան ա՞յլ տեղեր թշնամիներ: Ե՞րբ պիտի ներկայիս ղեկավարությունն ի վերջո դադարի ներքին թշնամիների փնտրտուքը, որ պահից, հարմարությունից ելնելով, գտնի կամ չգտնի: Ու որ ամենակարևորն է՝ գտածն էլ, չգտածն էլ անկաշկանդ հայտարարի: Որպես ամփոփում նշեմ, որ սա կա՛մ հերթական պոպուլիզմի դրսևորումն է, որի շրջանակներում այս անգամ կոնսոլիդացիայի՛ կարիք կա, ոչ թե տարանջատման, կա՛մ հասունացել է բաժանարար գծեր սահմանելու բացասական հետևանքների գիտակցումը, արվում է հակառակ գործողությունը, իհարկե՝ առանց նախկինում արվածի սխալը բարձրաձայն ընդունելու»,- նշեց փորձագետը:

Լ. Ամիրխանյանն անդրադարձավ նաև համաժողովին վարչապետի կողմից բերված ցուցանիշներին. «Ինչպես վարչապետն ասաց, տարեվերջին մենք կունենանք 7 տոկոսանոց տնտեսական աճ: Պետք է նշել, որ յոթ տոկոսանոց տնտեսական աճն առաջին հերթին չի տեղավորվում հայտարարված «տնտեսական հեղափոխության» տրամաբանության մեջ, երկրորդ հերթին առանձին վերլուծության կարիք կա հասկանալու՝ ՏԱՑ-ի (տնտեսական ակտիվության ցուցանիշ, խմբ.) կառուցվածքն ու աճի ապահովման հիմնասյուները, որոնց թվում հստակ տեղ են զբաղեցնում զբոսաշրջության աճն ու առևտրի աճը: Զբոսաշրջային հոսքերի աճն իհարկե դրական է, սակայն տնտեսության համար ֆունդամենտալ նշանակություն չունի, իսկ ահա առևտրի ծավալների աճում գերակշռող են ինֆլյացիոն երևույթները: Մնացած բաղադրիչներին կարելի է անդրադառնալ ամփոփիչ տվյալներ ունենալուց հետո: Մեկ այլ ցուցանիշ՝ ԿԲ կողմից արտարժույթի գնման հետ կապված: Իհարկե արտարժույթի ծավալների աճը կրկին որոշակի աշխուժության մասին է վկայում, բայց կրկին պետք է վերլուծել՝ հասկանալու, թե ո՞րն է Հայաստան մտնող արտաժույթի հիմնական աղբյուրը: Ցուցանիշների համադրությունը վկայում է, որ այս պահի դրությամբ կրկին գերակշռում է զբոսաշրջային նպատակներով մեր երկիր բերված արտարժույթը: Իհարկե տնտեսության մասին ամբողջական գնահատական կարելի է տալ բոլոր ցուցանիշների ամփոփիչ տվյալները ձեռքի տակ ունենալու պարագայում, որոնց թվում շատ կարևոր ու բազային նշանակություն ունի Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, որը բնութագրում է երկրում ստեղծված արժեքը, տալիս է ավելի պերմենանտ գնահատականի հնարավորություն, ի տարբերություն ՏԱՑ-ի, որը տնտեսության օպերատիվ, ավելի շատ իրավիճակային գնահատականն է»,- ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում