Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է

Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով օրեր առաջ հրավիրվել է կոնսիլիում, 3-4 բժշկական կենտրոններից հրավիրվել են 10-15 մասնագետներ, ախտորոշել են նոր հիվանդություններ: Լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

«Տևական ռեժիմով անձը գտնվում է կալանքի տակ, տևական ռեժիմով վերջինիս հիվանդություններն ավելանում են: Կոնսիլիումը եզրակացրեց, որ, ըստ էության, վիճակի վատթարացման պատճառ է հանդիսանում անձի խափանման միջոց կալանքը, մասնավորապես, ֆիզիակական ակտիվության, արևի լույսի պակասը»,- նշեց նա:

Պաշտպանի խոսքով, միտում է տեսնում Գրիգորյանին պահել կալանքի տակ, խոշտանգել, արդեն իսկ, ըստ էության, կարելի է փաստել անձը խոշտանգված է բխող բոլոր բացասական հետևանքներով:

«Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է: Եզակի դեպք է, երբ բոլորը, բժշկական բոլոր կենտրոնները բարձրաձայնում են, որ անձի մոտ հիվանդությունների վատթարացում է, դատական համակարգում այսօր այսպես հանգիստ նստած են: Անձի մոտ գնում է հիվանդությունների վատթարացում, անձը գտնվում է կալանքի տակ»,- ասաց Լ. Բաղդասարյանը:

Նա նշեց, որ այստեղ պետությունը, կառավարությունը պոզիտիվ պարտավորություն ունի առնել դրա դեմը, նաև սարերի հետևում չէ ՄԻԵԴ որոշումը, որն առաջնահերթության կարգով քննելու է Գրիգորյանի գանգատն ընդդեմ Հայաստանի, մասնավորապես անօրինական կալանքի և խոշտանգման փաստի հետ կապված:

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կրկին մերժել է Մ. Գրիգորյանի պաշտպանների՝ նրան գրավի դիմաց ազատ արձակել միջնորդությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում