Բարդ է հակաճառել Փաշինյանին, չհամաձայնել նրա հետ․ Տիգրան Քոչարյան

Բարդ է հակաճառել Փաշինյանին, չհամաձայնել նրա հետ․ Տիգրան Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների հետ հարաբերությունները ջերմ ու փայլուն չեն, ինչպես կուզեինք տեսնել։Այսօր՝ հոկտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ Ըստ նրա՝ երկու հայկական պետությունների միջև ներքին լարվածությունն սկսվել է ապրիլյան հեղաշրջումից հետո։

«Սկսվել է այն ժամանակ, երբ փաստորեն ունեցանք նոր իրավիճակ բանակցային պրոցեսում, երբ որոշեց Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումները ցուցաբերել։ Ճիշտ են այդ մոտեցումները, թե սխալ, ժամանակը ցույց տվեց, բայց ստացվեց այնպես, որ Արցախի իշխանություններն իրենք մի կուրսով են շարժվում, բավական հաջողությամբ, և Փաշինյանը որոշեց, որ չէ, իր մոտեցումներով պետք է շարժվեն, և սկսվեց լարվածությունը»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ տպավորություն է, որ Փաշինյանը չի խորհրդակցում Արցախի իշխանությունների հետ։ «Իր աշխատող ֆեյքերի ֆաբրիկաները, որոնք իշխանության գիծն են տանում, անհարգալից վերաբերմունք են դրսևորում Արցախի իշխանության հանդեպ։ Նաև ընտրություններին Արցախի իրենց թեկնածուին են առաջ տանում»,-ասաց նա։

Փորձագետի կարծիքով՝ այն պառակտությունը, որ ՀՀ-ում գործում է մեկուկես տարի, տեղափոխվել է Արցախ։ «Հույս ունենք, որ սև-սպիտակի բաժանումները Արցախում չեն կրկնվի, և Արցախում ավելի կոնսենսուսային վիճակ կստեղծվի՝ հաշվի առնելով, որ խժդժություններն ուղղակի վնաս են Արցախին»,-ընդգծեց Քոչարյանը։

Տիգրան Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ երեկվա ասուլիսին հնչեցրած հայտարարություններին և նշեց, որ նա ճիշտ դիրքորոշում է հայտնել՝ ներկայացնելով ողջ իրավիճակը։ «Բալասանյանը կոնկրետ բան է ասում․ ասում է, որ յուրաքանչյուր մարդ, ով կհանդգնի Արցախի և ՀՀ-ի սուվերենությանը սպառնալ, այդ մարդիկ դավաճանության փորձ են անում և պետք է մեկուսացվեն։ Բալասանյանը հնչեցնում է այն թեզերը, մտքերը և այն անհանգստությունը, որ կա արցախյան հասարակության մի ստվար զանգվածի, նաև հայկական հասարակության մոտ։ Նա բարձրաձայնում է այն, ինչ շատերը կուլիսային կամ դիվանագիտական մեսիջներով են հասկացնում, շատերը կցանկանային ասել, բայց չեն ցանկանում իրենց վտանգի ենթարկել»,-ասաց նա։

Ի դեպ, փորձագետը նշեց, որ Բալասանյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է ԱԱԾ անվտանգության ղեկավարին։ «Կասկածամտություն է զարգանում Փաշինյանի մոտ, հատկապես իր հետ չքայլող շրջապատի հանդեպ։ Բարդ է ՀՀ-ում հակաճառել Փաշինյանին, չհամաձայնվել նրա հետ կամ սխալ հանել, յուրաքանչյուր փորձ ցավալի ռեակցիա է առաջացնում, հայրենասիրական երիտասարդներ են հայտնվում գյուղատնտեսական մթերքով, շատերն այս իրավիճակում փորձում են մի կողմ քաշվել, բայց մենք չենք ապրում աշխարհից կտրված երկրում, որ մեզ թույլ տանք նման բան։ Դա թուլացնում է երկու երկրների անվտանգությունը»,-ասաց նա։

Հեղինակ Նելլի ԼԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում