Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայան

Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԴեռ պետք է ուսումնասիրել՝ դա նոր տեսանյութ է, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են փորձում ադրբեջանցիները հատել սահմանը:

Նա նշեց, որ նախկինում նման տեսանյութեր ևս տարածվել են, և մտահոգվելու խնդիր չկա: «Պետք է շատ սառնասրտորեն մոտենալ այդ բոլոր գործընթացներին, դա առաջին անգամը չէ և վերջին անգամը չէ: Նրանք մի քանի անգամ եկել են, նկարվել են, սելֆիներ են արել, որ հատում են «պատմական հայրենիքի» սահմանները և դրանով իրենց նեղ քաղաքական նպատակներն են փորձել լուծել, բայց դա ռեալ չէ և ծիծաղելի է»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանում կա մի կազմակերպություն, որը կոչվում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն», և նրանք մի երկու-երեք տարին մեկ նման «ակցիաներ» են փորձում կազմակերպել: «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սև փիառ, շանտաժ և նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները լավ հասկանում են, թե դա ինչ հետևանքներ կունենա, և չեմ կարծում, որ թողնեն, որ նրանք նույնիսկ մոտենան իրենց իսկ դիրքերին»,-ասաց նա:

Նա նշեց, որ հետևանքները շատ անկանխատեսելի կլինեն: «Նույնիսկ եթե մերոնք չկրակեն, այնտեղ այնքան ականապատված տարածքներ կան, որ անհնարին է, որ որևէ մեկը հատի սահմանը: Սա պարզ է, նույն Ադրբեջանի տարածքում է ականապատված, այսինքն` իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն, և հետո բանակը ի՞նչ պետք է բացատրի սեփական հասարակությանը»,-ասաց նա և նշեց, որ այդ «ակցիաների» նպատակը իրենց մասին հիշեցնելն է:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ղազարյանը գրառում է կատարել՝ նշելով. «Մինչ Հայաստանում բոլորը հրճվում են եվրոպական նոր ավիաընկերության Հայաստան մտնելու առթիվ, Բաքվում հավաքվել են թյուրքալեզու պետությունները»։ Օգտատերը նաև մեջբերել է Ալիևի ելույթը, ապա հավելել.

«Եթե հիշում եք, Հայաստանում մեծ տոնակատարություն կազմակերպվեց Աշխաբադում Ալիևի կողմից Նժդեհի հասցեին հնչեցրած որակումներին Փաշինյանի պատասխանելու առիթով։

Նաև ուզում եմ հիշեցնել, որ Նժդեհը պաշտպանել և Հայաստանին է միացրել Զանգեզուրը, հետևաբար Ալիևի այս հայտարարությունը պետք է դիտարկել նախորդի, արդեն գործնական, շարունակություն։

Լավ կլիներ, որ Հայաստանից հնչեր համարժեք պատասխան, գոնե իրենց անձնական PR համար։

Հ.Գ. Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք, բացեք ձեր աչքերը, դուրս եկեք հեղափոխական թմբիրից, զբաղվեք Հայաստանի անվտանգության խնդրով, իսկ ինքնաթիռները, ոնց էլ լինի, մի օր կգան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում