«Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ

«Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ

«Քանի որ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից ի վեր մեծ խոստումներ է տալիս, սակայն չի կարողանում դրանք իրականություն դարձնել, ստիպված է ժամանակ շահելու գործելակերպ որդեգրել: Իսկ որպեսզի հնարավոր լինի ժողովրդին հույսով անել, որ նորից զինվեն համբերությամբ, վարչապետը փորձում է փոքր իրադարձությունը ներկայացնել որպես խոշոր ձեռքբերում կամ սենսացիա և ցույց տալ, որ պետք չէ հուսալքվել:

Իսկ վերջին իրադարձություններից մեկը, որը կառավարությունը ցանկանում է ներկայացնել որպես աննախադեպ և չտեսնված ձեռքբերում, 2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքն է հայկական ավիաշուկա:

Ու պարզվում է, որ թռիչքներն իրականացվելու են Գյումրիի օդանավակայանից, իսկ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո:

Եվ այսպիսի էժան ավիատոմսերի թեմայի շուրջ կառավարության ներկայացուցիչները փորձում են անգամ լեգենդներ հյուսել ու թմբկահարել, կարծես թե մեր երկրում ինչ-որ խոշոր արտադրամաս է ստեղծվել, որը մեծաթիվ մարդկանց աշխատանքով է ապահովելու:

Առաջին հայացքից թվում է, թե հայկական ավիաշուկա մուտք ունենալով՝ արդեն Ryanair ավիաընկերության հաջողությունը Հայաստանում ապահովված է, իսկ մարդիկ էլ, հաշվի առնելով ավիատոմսերի էժանությունը, հերթի կկանգնեն տոմսերի համար:

Սակայն արժե հիշել, որ «Պոբեդա» ավիաընկերությունն էլ նույնպես մեծ աղմուկով մուտք գործեց հայկական շուկա, ավելին՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին կատարեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի իր առաջին թռիչքը՝ վաճառելով 7500 դրամ արժողությամբ տոմսեր:

Բայց ներկայումս «Պոբեդա» ավիաընկերությունը խնդիրներ ունի, և պատահական չեն մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ռուսական այս ավիաընկերությունը ցանկանում է լքել հայկական ավիաշուկան:

Ուրեմն, լավ կլինի, որ կառավարությունը սպասի Ryanair-ի գործունեության արդյունքներին, որից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ, թե չէ հիմա տպավորություն է առաջանում, թե գործադիրը «ձուկը ջրում բազար է անում»:

Կառավարությունը նաև խոշոր ձեռքբերում է համարում այն, որ աշխարհահռչակ booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում և փորձ է կատարվում ցույց տալ, թե դրա հիմնական պատճառը մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն է:

Սակայն booking.com-ի կողմից առաջարկված ամենապահանջված ուղղությունների շարքում Երևանի ներառումը դեռևս երաշխիք չէ, որ 2020 թ. զբոսաշրջիկների աննախադեպ աճ ենք ունենալու:

Ճիշտ է՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին աճ է գրանցում, սակայն այդ ցուցանիշները դեռևս բավարար չեն՝ հաշվի առնելով Հայաստանի ունեցած պոտենցիալը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում