«Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ

«Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընկեր է անվանել և շեշտել, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ այլևս չեն կիրառվի:

«Պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ անում է»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ առաջնորդը:

«Ես կցանկանայի շնորհավորել նախագահ Էրդողանին, նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մենք որևէ խնդիր չունեցանք», – նշել է Թրամփը՝ հավելելով՝ «նա ճիշտ գործեց, և ես իսկապես գնահատում եմ դա»:

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ նոյեմբերին Էրդողանին սպասում է Վաշինգտոնում:

Թրամփը նաև խոստովանել է, որ հույս չի ունեցել, որ Թուրքիայի հետ այդքան արագ համաձայնության կգան Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցման հարցի շուրջ: «Ամեն ինչ սպասվածից լավ ստացվեց, սա հիանալի օր է ԱՄՆ-ի համար, սա հիանալի օր է Թուրքիայի համար, սա հիանալի օր է մեր դաշնակիցների համար, հիանալի օր է քրդերի համար և նաև հիանալի օր է ողջ քաղաքակրթության համար»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, Պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում