Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել

Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Դատարանները չպետք է պատկանեն ոչ փոքրամասնությանը, ոչ մեծամասնությանը, ոչ էլ 100 տոկոսանոց ժողովրդին: Դատարանները պետք է այնպես ձևավորվեն, որ միայն իրավունքի և օրենքի իշխանություն լինեն»,- ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա ընդգծեց, որ դատարանները բացարձակապես չպետք է ենթարկվեն որևէ քաղաքական ուժի:

«Եթե մենք համարում ենք, որ դատարանները պետք է լինեն մեծամասնության դատարաններ, ապա այդ դեպքում դատարաններ պետք չեն, կարելի է Լինչի դատաստան իրականացնել և վերջ: Անկախ Հայաստանում մենք չունենք այդ մտայնությունը, որովհետև ամեն դեպում Հայաստանում իշխանություն պահելու հիմնական գործիքը եղել են դատարանները»,- ասաց իրավապաշտպանը։

Ա. Իշխանյանը նշեց, որ ինքը մեծ ոգևորություն է ունեցել հեղափոխության հետ կապված, երկար ժամանակ բավական կաշկանդված է եղել արտահայտվել՝ լինելով իրավապաշտպան. «Մտածել եմ՝ լավ, առայժմ սխալներ են անում, բայց կանաց-կամաց կլինի: Հետագայում սկսեցի քննադատել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում: Բայց ընդհուպ մինչև վերջին մեկ-երկու շաբաթը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել եմ հարցազրույցներ տալ, չեմ ուզել քաղաքական տարբեր ուժերի կողմից օգտագործվել: Ես չեզոք եմ:

Համաձայնեցի այս քննարկմանը գալ, որովհետև արդեն չդիմացա, երբ որ Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպես Սահամանադրական դատարանի նախագահ, սկսվեցին ճնշումները, ինչպիսիք են սանիկներին ձերբակալելը, Անժելա Թովմասյանի՝ «Հայելի» ակումբի դեմ հարձակումը:

Սա Հրայր Թովմասյանի անձի հարցը չէ: Երբ որ եղել է արդարադատության նախարար, իմ ու նրա հարաբերությունները բավականին սրված են եղել:

Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանություններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին։ Միանշանակ՝ ոչ։ Սա է մեր իրականությունը, արդեն լռել չի կարելի: Սա բացարձակապես անընդունելի է, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։ 37 թիվը սարսափելի է եղել, այն ժամանակ գաղափարական, կայսրության սարասփելի տեռոր էր, այստեղ գավառական, անձնական տեռոր է»:

Ա. Իշխանյանը դժվարանում է ասել, թե այս իրավիճակն ինչքան կարող է շարունավել: Նա դիմեց ԱԺ խմբակցություններին, անձամբ վարչապետ Նիկոլ փաշինյանին՝ դադարեցնել այս իրավիճակը:

«Այսօր բավականին մեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժ կա, և նրանց աջակցող հսկայական զանգված։ Ցանկալի կլիներ, որ նրանք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեին»,-ասաց իրավապաշտպանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում