Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ)

Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նյութերի բացատրություն վերցնելու ընթացքը նորմալ է անցել, բայց այն հարցերը, որ հնչեցվում էին, առնվազն տարակուսելի են: ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա բացատրեց, որ իր պաշտպանյալին չէին կանչել հարցաքննության համար, այլ քրգործի հարուցման նախնական փուլի համար էին կանչել:

«Պարոն Թովմասյանին հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել, այդ հարցն էր հիմնականում: Այդ հարցերը երեկ էլ էին տվել, այսօր գրավոր պարզաբանումներ տրվեցին»,-մանրամասնեց նա:

Փաստաբանը նշեց, որ բոլորին է պարզ, թե այս գործողություններն ինչ նպատակով են կատարվում: «Հանրությունը տեղյակ է, որ մեկ տարի շարունակ օրենսդիր և գործադիր իշխանությունը միջոցներ է ձեռնարկում ՍԴ դատավորների, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները ցանկացած գնով կասեցնելու ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ այս նյութերի նախապատրաստումը, նաև երեկ հրապարակումներ եղան, որ հարուցվել է քրգործ՝ ՀՔԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, դրանք ուղղված են բացառապես Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունները կասեցնելուն, նաև ընդհանուր ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ, շատ ակնհայտ է»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Վարդան Թովմասյանը Հրայր Թովմասյանի ընտանիքի միակ անդամը չէ, որ կանչվել է ԱԱԾ, կանչվել են նաև դուստրերը: «Նաև մենք մեր զարմանքն ենք արտահայտում, որ գործադիրը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում, նաև մարդկանց ընտանիքիներ մտնելով, և մեզ համար շատ անհասկանալի քրեական հետապնդումը ճնշում է ընտանիքի անդամների նկատմամբ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում