Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ)

Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեր պետականությունը խիստ սպառնալից ընթացք է որդեգրել, և այդ ազդակները գալիս են իշխանությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ բացատրություն տալու հրավիրելուն:

Լիլիթ Գալստյանն ասաց, որ երբ գործադիր իշխանությունը սկսեց դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունը, մասնավորապես դատարանները արգելափակելու վարչապետի կոչերը, ՀՅԴ-ն խիստ անհանգստացավ և անընդունելի համարեց: «Հետագայում տեսանք, որ Հայաստանում իրապես դատական իշխանության ուզուրպացիայի կամ մենաշնորհային գործընթաց է ծավալվում»,-ասաց նա:

Գալստյանը նշեց, որ այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 37 թվականին: «Այդ գործիքակազմով ճնշում է գործադրվում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ, այն էլ կարմիր թելով կարվում է: Հայաստանում ներմուծվում է մի մշակույթ, որը բռնություն է մարդու իրավունքների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական պրիմիտիվ ցածր մշակույթ է բերվում Հայաստան:

«Այսօր շատերը այստեղ են պաշտպանելու համար օրենքի գերակայությունը և իրավական գործընթացները»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն երթով հասան ԱԱԾ:

Այսօր ԱԱԾ-ում բացատրություն տալու էր հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել է ԱԱԾ-ն: Ապա դուստրերն են հրավիրվել ԱԱԾ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում