Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը

Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hy.armradio.am: ՏՏ ոլորտի խոշորագույն ու ամենասպասված՝ «ԴիջիԹեք» էքսպո ցուցահանդեսին «Քայլ մեդ» ընկերությունն օրերս ներկայացավ չափազանց կարևոր ձեռքբերումներով։ Հայկական արտադրության էկզոկմախքն ու կանգնակ-սայլակը գրավում էին ցուցահանդեսի գրեթե բոլոր մասնակիցների ուշադրությունը։

Ռադիոլուրի հետ զրույցում «Քայլ մեդ» ընկերության տնօրեն Դավիթ Արսենյանը վստահեցրել է․ «Էկզոկմախքն ու կանգնակ-սայլակը նվազագույնին կհասցնեն ոչ միայն հաշմանդամների, այլև նրանց ընտանիքների հոգսերը»։

Ամեն ինչ սկսվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ մի խումբ երիտասարդ կինեզիոլոգներ որոշեցին համախմբվել, գնալ զինվորական հոսպիտալ և օգնել պատերազմի արդյունքում հաշմանդամ դարձած տղաներին։

Մտածում էին՝ որքան շուտ սկսվեն վերականգնողական աշխատանքները, տղաներն այնքան շուտ ոտքի կկանգնեն և արդյունքն ավելի մեծ կլինի՝ պատմում է «Քայլ մեդ» ընկերության տնօրեն Դավիթ Արսենյանը․

«Աշխատում էինք անգամ կոմայով հիվանդների հետ, իհարկե, բժիշկների վերահսկողության ներքո։ Հետո ունեցանք այնպիսի արդյունք, որին չէինք սպասում․ Հովհաննես Պողոսյանի ձախ կիսանգնդի շուրջ 45 տոկոսը հեռացվել էր, շատերն ասում էին, որ չի խոսի և ոչ էլ կքայլի, բայց նա հիմա և՛ քայլում է, և՛ խոսում։ Շատ հետաքրքիր մի դեպք եղավ․ միջանցքում երգում էի «Գետաշենը»։ Երբ մտա Հովհաննեսի սենյակ, ավարտեցի երգը՝ «բազմել ես լեռներին», հանկարծ Հովհաննեսը շարունակեց՝ արծիվների բույնն ես, չքնաղ Գետաշեն»։

Դա այն ժամանակ էր, երբ Հովհաննեսն ընդամենը ձայներ էր հանում կամ էլ մի քանի հնչյուն արտաբերում։ Հետո պարզեցին, որ «Գետաշենը» Հովհաննեսի գնդի երգն էր, որը բանակում երգում էին ամեն առավոտ և անգամ օրվա մեջ մի քանի անգամ։ Նյարդամկանային հիշողությունն էր գուցե աշխատել։

«Դրանից կառչեցինք ու լոգոպետ Անի Մանուկյանն իր համառությամբ պարզապես խոսեցրեց Հովհաննեսին»,-ասում է Դավիթը։

Ապրիլյան պատերազմի հրաշքով փրկվածներից է նաև Դանիել Դավթյանը։ Մինչ Արցախից Երևան հասցնելը մի քանի անգամ սրտի կանգ էր ունեցել։ Դանիելն այսօր քայլում է, խոսում, ապրում։ Այս և մի քանի այլ հաղթանակների մեջ ևս իր բաժինն ուներ երիտասարդ կինեզիոլոգների թիմը։ Ու եկավ թիմին հստակ կարգավիճակ տալու ժամանակը։ 2016-ի սեպտեմբերին ստեղծվեց «Քայլ մեդ» կազմակերպությունը՝ նոր առաքելությամբ․

«Եկավ մի պահ, որ պարզվեց, որ որոշ տղաներ չեն քայլելու։ Այդ մտքի հետ չէինք ուզում հաշտվել, և հենց այդ ժամանակ էլ ծնվեց էկզոկմախք ստեղծելու գաղափարը։ Սկզբում անգամ անունը չգիտեի, բայց համացանցը փորփրելով տեսա, որ գոյություն ունի նման սարք, որը կոչվում է էկզոկմախք, ընդ որում՝ սարսափելի թանկ»։

Հայկական էկզոկմախք ստեղծելու գաղափարն իրականություն դարձնելու նպատակով դիմեցին ճարտարագիտական համալսարանի (ANEL) լաբորատորիա, որն իրականացրեց նախագծի ինժեներական և ծրագրային աշխատանքները։ Կենսաբանական կիրառության ապահովումն ու մեխանիկական կառուցվածքի նախագիծը բժիշկների գործն էր։ Հայկական արտադրության էկզոկմախքի նախնական տարբերակն արդեն իրականություն է։

«Սարքը իրենից ներկայացնում է մարդու քայլքը։ Այն նպաստում է վերջույթների շարժումների բարելավմանը։ Էկզոկմախքը, կարծեք, ապահովում է քայլերի հերթականությունը, մի բան, որը չի կարող անել համապատասխան օրգանի վնասվածք ունեցող մարդը»։

Էկզոկմախքը կարճ ժամանակում օգնում է սովորել պահել հավասարակշռությունը, կարողանում է օգնել կառավարել մարմինը և մարմնի համապատասխան մկաններից վերցրած ազդակների միջոցով գործի է դնում շարժիչները:

Ինչով է հայկական էկզոկմախքը տարբերվում աշխարհում գոյություն ունեցող նման սարքերից. հարցին Դավիթ Արսենյանը արձագանքում է․

«Ես այն անվանել եմ ամենագնաց։ Հայկական սարքը ավելի կոմպակտ է և ֆունկցիոնալ։ Հաշմանդամը սրանով ավելի ինքնուրույն է դառնում»։ Որքանով սարքը կնպաստի քայլելու ֆունկցիայի ամբողջական վերականգնմանը, առայժմ դժվար է ասել, գործնական կիրառության փորձի պակաս կա, բայց այն, որ սարքը կանխելու է նստակյաց վիճակի հետևանքով առաջացող բազմաթիվ հիվանդություններ՝ «Քայլ մեդ»-ի անդամները չեն կասկածում։

Թիմի առաջնային նպատակն է, որպեսզի էկզոկմախքից օգտվելու հնարավորություն ունենա վերականգնողական բուժում ստացող յուրաքանչյուր զինհաշմանդամ կամ հնարավորության բացակայության դեպքում, գոնե ունենալ մի քանի սարք, որոնք կտրամադրվեն անվճար, որոշակի ժամանակահատվածով։

Թիմը հետաքրքիր մեկ այլ առաջարկ էլ ունի՝ ստեղծել կանգնակ-սայլակ, որը ոչ միայն հաշմանադամների, այլև նրանց խնամողների խնդիրները կհասցնի նվազագույնի։

Դավիթ Արսենյանն ասում է, որ սարքերի արտադրությունն իրականացրել են Ամուլսարին հարակից իր հարազատ Գնդեվազ գյուղում։ Հենց այստեղ էլ միտք ունեն ընդլայնելու արտադրությունը։ Զարմանում է, երբ ոմանք ասում են, թե Հայաստանում գործ չկա անելու։

«Գործ կա, գործ անող չկա։ Հենց այս ոլորտում այնքան բան կարելի է անել»,– ասում է։ Դեռ բազմաթիվ ծրագրեր կան հաշմանդամների ու նրանց ընտանիքների կյանքը թեթևացնելու համար։

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում