Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել

Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panonrama.am: Շենգավիթ համայնքում գործող շուկայում ապրանք վաճառող անհատ ձեռներեցներն այսօր գործադուլ են հայտարարել։ Պատճառը, ինչպես իրենք ներկայացրեցին, տեղի գումարի հերթական թանկացումն է։

«Վերջին հինգ ամսվա ընթացքում երկու անգամ արդեն թանկացրել են, էլ վիճակի չենք։ Առևտուրն էլ առաջվանը չէ։ Ամեն անգամ տասը հազար դրամով թանկացրել են, հիմա 105 հազար դրամ եմ վճարում»,-ասաց Ա/Ձ Գալյա Քարամյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, թե այս պահին չգիտեն, ինչքանով է թանկանալու։ Տնօրինության հետ հանդիպել են, հստակ պատասխան չեն ստացել։ Չգիտեն էլ՝ ով է բարձրացնողը ու ո՞րն է պատճառը։ Ասում են՝ եթե վճարն էլի բարձրանա, ապա չեն աշխատելու։

«Եթե թանկացավ, ստացվում է, որ տեղի փող ենք վճարում, հարկայինին ենք վճարում, մեզ էլ կամ 20 հազար դրամ կմնա, կամ էլ դատարձ ձեռքով տուն կգնանք»,-ասաց Քարամյանը։

Աշխատակիցներից մեկն էլ ուշադրություն է հրավիրում հոսանքի համար վճարվող մեծ գումարներին։

«Մի փոքր սենյակի համար վճարում ենք այնքան, ինչքան երեք սենյականոց բնակարանի համար»,-ասաց աշխատակից տղամարդկանցից մեկը։

Ձեռնարկատերերին ասել են, երեք օրվա ընթացքում հստակ պատասխան կտան։

«Մեզ պետք է հնարավորինս շուտ հստկ պատասխան տրվի, քանի որ մի ժամն էլ մեզ կարևոր է, պայմանավորվածություններ ունենք՝ վաճառքի, գնման, մատակարարման վերաբերյալ։ Սա բիզնես է, արագ լուծումներ են պետք»,-նշում է ակցիայի մասնակից ձեռնարկատերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում