Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել

Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել:

Չնայած նրան, որ Բաքվի իշխանությունը մերժել էր Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության դիմումն ակցիա անցկացնելու մասին, այնուամենայնիվ, ակցիայի կազմակերպիչները սոցիալական ցանցերում տեղեկատվություն են տարածել, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին չարտոնված ցույց են անցկացնելու արգելված վայրում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Բաքվի մետրոպոլիտենը հայտարարել է, որ բոլոր ապօրինի գործողությունների պատասխանատվությունը, որը կխաթարի հանրային տրանսպորտի աշխատանքը, կընկնի ակցիայի կազմակերպիչների վրա:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամը 13:00-ից դադարեցվել է մետրոյի միանգամից երեք կայարանի աշխատանքը:

Նշվում է, որ իրավապահ մարմինները «խիստ օրենսդրական միջոցառումներ կկիրառեն ապօրինի ակցիայի պատասխանատուների և կազմակերպիչների նկատմամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում