Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի՝ ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար նշանակված քննության արդյունքի համաձայն, նա որևէ շահագրգռվածություն կամ նույնիսկ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հստակ նշվում են, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է բացարկ կամ ինքնաբացարկ հայտնի: Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ: Զուտ իրավական առումով մենք որևէ խնդիր չունենք, խախտում չկա»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ infocom.am կայքը հոդված էր հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Դրա հետ կապված քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։

«Սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ»,- մասնավորապես հայտնել էին ՔԿ-ից:

Այժմ Ամուլսարի գործով քննչական խմբի նոր ղեկավարն է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Ինչ վերաբերում է Ամուլսարի վերաբերյալ քրեական գործին, նա նշեց, որ քրեական գործը շատ դինամիկ պրոցես է, նույնիսկ այսօր կարող են ստանալ այնպիսի տվյալներ, որոնք մինչ այդ չունեին, դրանով է պայմանավորված նոր քննության զարգացումն ու խորացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում