Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց: Այն կկայանա հոկտեմբերի 23-ին, ժամը` 14:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Դատարանը դեռևս որոշակի քննություն կատարելու անհրաժեշտություն տեսավ, նաև, իհարկե, աշխատանքային ծանրաբեռնվածությունն է պատճառը. Վերաքննիչ քրեական դատարանը անչափ ծանրաբեռնված է, բացի այդ, դատարանը որոշակի հարցեր կունենա, ամեն դեպքում, ժամից ավել նիստ ունեցանք, առավելապես պաշտպանական կողմն էր ներկայացնում դիրքորոշում, քանի որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է պաշտպանների կողմից»,-մեկնաբանեց Վարդևանյանը:

Վերջինիս կարծիքով` Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները: «Այս պարագայում ընտրվեց արարքի որակման հնարավոր ամենախիստ տարբերակը»,-նշեց նա:

Անդրադառնալով մեղադրյալներից Սարգիս Օհնաջանյանին` Վարդևանյանը նշեց, որ նա ընդամենը տեսանկարահանում էր արել:

«Այսինքն` տվյալ դեպքում պարզապես տեսանկարահանող սարք պահելու համար փաստորեն, ուժի մեջ մտած դատական ակտ ունեցանք, փաստորեն, պարզապես տեսանկարահանող սարք պահելով` կարող ես արդարադատության իրականացմանը միջամտել կամ խոչընդոտել: Ես կարծում եմ` դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, որոնք սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում