ՀԺՄ- ն դատապարտում է «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը

ՀԺՄ- ն դատապարտում է «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը:

Սա ամսագրի դեմ հարձակման առաջին դեպքը չէ, և, ինչպես հավաստում են ամսագրի աշխատակիցները, նախորդ դեպքերից որևէ մեկը, ցավոք, չի բացահայտվել:

Հեղինակավոր լրատվամիջոցը տարիներ շարունակ զբաղվել է համահայկական կարևորության խնդիրների բարձրաձայնմամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, Արցախի Հանրապետությանն իր աջակցությամբ:

Ազատ խոսքի հանդեպ ցանկացած բռնություն կամ ճնշում մեծագույն խնդիր է ժողովրդավարական ցանկացած պետության համար:

Հայկական ամսագրի խմբագրակազմի ներկայացուցիչները հարձակումը կապում են գլխավոր խմբագիր, ֆրանսահայերի համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ, և սա տագնապալի ազդանշան է:

Մամուլի հանդեպ հաճախացած հարձակումները, հատկապես պայմանավորված քաղաքական իրողություններով, պետք է դառնան բոլորի խստիվ դատապարտման առարկան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում