Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ կցանկանար միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ, հաղորդում է ria.ru-ն:

«Ես կարծում եմ, որ երբ մենք համատեղ հանդիպում ունենանք Ռուսաստանի և Չինաստանի հետ, մենք միջուկային գործարք կմշակենք»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նշել է, որ այդ հարցը քննարկվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ: Բացի այդ, նրա խոսքով, այս հարցը նա բարձրացրել է Չինաստանի հետ «վերջին առևտրային բանակցությունների ընթացքում»:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականին, մնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների սահմանափակման մասին միակ գործող պայմանագիրը: Համաձայնագիրն իր ուժը կորցնելու է 2021 թվականի փետրվարին, քանի դեռ կողմերն այն երկարաձգելու մտադրություն չեն հայտնել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ պայմանագիրը դժվար թե երկարաձգվի, քանի որ թերություններ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում