«Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ

«Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մասնակցել նոր պատերազմների: Այս մասին տեղեկացնում է politico.eu կայքը:

Թրամփը հատկապես սպառնացել է «այնպես հարվածել Իրանին, ինչպես երբևէ», եթե Իրանի ռեժիմը սադրի ԱՄՆ-ին:

«Ես փորձում եմ դուրս գալ պատերազմներից: Սակայն հնարավոր է, որ մենք նորից ստիպված կլինենք մասնակցել պատերազմների: Մենք պատրաստ ենք, ինչպես երբեք: Եթե Իրանն ինչ-որ բաներ անի, մենք կհարվածենք նրանց այնպես, ինչպես երբեք»,- ասել է նա լրագրողներին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ն ներքաշել պատերազմների մեջ, քանի որ հեռավոր երկրներից ամերիկացի զինծառայողների վերադարձն ԱՄՆ իր նախընտրական խոստումներից է:

«Երբեմն պատերազմելու ժամանակն է գալիս, սակայն լինում է ժամանակ, երբ պետք է խելացի գործել, ոչ թե պատերազմել»,– հավելել է նա:

Այնուամենայնիվ, Թրամփի որոշումը՝ Սիրիայից զորքը դուրս բերելու հետ կապված, ԱՄՆ-ի օրենսդիրներին և Պենտագոնի աշխատակիցներին ստիպել է անհանգստանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի հնարավորության առնչությամբ:

Չնայած Սիրիայից զորքերը հանելուն և Թրամփի խոստմանը՝ մշտական պատերազմներին վերջ դնելու մասին, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ իրենք զորքեր են տեղակայելու Սաուդյան Արաբիայում, որպեսզի պաշտպանեն վերջինիս իրանական ռեժիմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում