Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ)

Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը մի քանի նպատակ է հետապնդում, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Սա ոչ միայն իրավական բեսպրեդելի արտահայտություն է, այլ՝ այդ բեսպրեդելի ցուցադրություն բոլորին, որ հասկանան՝ ցանկացած պահի, ցանկացած հանգամանքների դեպքում կարելի է գտնել ինչ-որ մի հոդվածների համադրություն, որով նրանց կարելի է ձերբակալել», – ասաց նա։

Աղասի Ենոքյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։

«Սա ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպեսզի նա, ի վերջո, հրաժարական տա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից», – ասաց նա։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարն ասաց, թե սա նաև խոսքի ազատության նկատմամբ ճնշում է, որովհետև, նրա խոսքով, Արսեն Բաբայանն ակտիվ հասարակական դիրքորոշում ուներ ու շատ հաճախ էր քննադատական խոսքերով հանդես գալիս թե մամուլում, թե Facebook-ում։

Աղասի Ենոքյանը նշեց, թե հիմա իշխանություննեը կարող են կամայական մեկնաբանություններ տալ օրենքներին, կամայական ձևով վերափոխել դրանք։

«Սա շատ ցավալի փաստ է, որովհետև խնդիրը ոչ Սահմանադրական դատարանին է վերաբերվում, ոչ՝ հեղափոխությանը, այստեղ խնդիրը վերաբերվում է նրան, որ պետությունը վերանում է, չգիտեմ էլ սրա անունը պետությո՞ւն է, բռնապետությո՞ւն է, թե՞ ինչ է», – ասաց քաղաքագետը։

Աղասի Ենոքյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի համար գնալու են ձերբակալություններ շարքեր։

«Կոչ եմ անում մամուլին շատ ուշադիր հետևել իրավական գործընթացների զարգացմանը»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում