2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ

2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Շարունակվում են պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները: Թիրախում ռազմական ծախսերի աննշան ավելացումն է: «Եկող տարվա բյուջեով սահմանված ծախսերն ու եկամուտներն արտացոլում են իշխանության՝ պետական կառավարման մասին իրական պատկերացումները, որոնք, ինչպես երևում է շատ հաճախ մտնում են տրված խոստումների հետ հակասության մեջ»,- բյուջեի նախագծի վերաբերյալ Times.am-ի հետ զրույցում նկատեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Բյուջեի նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերը որևէ իրատեսական հույս չեն արթնացնում խոստացված հեղափոխական մոտեցումների, առավել ևս՝ տնտեսական հեղափոխության իրականացման տեսանկյունից: Ըստ էության, բյուջեում հեղափոխական ոչինչ չկա. որևէ կերպ, համենայն դեպս նախագծով, չեն երևում դեպի Հայաստան՝ իշխանափոխությամբ պայմանավորված եկամտային հոսքերը: Իրականում, դրանք իրատեսական չէին, պարզապես դրանց մասին հանրությանը խոստացվել է, ուստի ցավով պետք է նկատել, որ արդեն եկող տարվանից հանրային հիասթափության ալիքը կակտիվանա»,- նշեց փորձագետ:

Լ. Ամիրխանյանի պնդմամբ, աշխատավարձային և կենսաթոշակային ֆոնդերում որոշակի բարելավումը սկզբնական շրջանում որոշակի դրական տրամադրություն կապահովի, սակայն քիչ ժամանակ անց դա նույնպես կանցնի: «Աշխատավարձի կամ թոշակի սպասվող տասը տոկոսանոց ավելացումն արդեն, այսպես ասած, «ծախսված եկամուտ» է, քանի որ գների ընդհանուր աճն արդեն գերազանցել է եկամուտների նշված աճը և դրա ընկալումը շատ արագ հանրության մոտ կգա: Բացի այդ, շրջանառվում է նախարարների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու փաստը, որի հերքումն այս պահին չկա: Եվ եթե դա իսկապես հաստատվի, ապա սոցիալական անարդարության ճեղքը զգալիորեն կլայնանա: Սրանք խնդիրներ են, որոնց օպտիմալ լուծման զգացողություն բյուջեի նախագծով սահմանված հոդվածները չեն առաջացնում»:

«Նախատեսվող բյուջեում առաջնային ոլորտը շարունակում է մնալ սոցիալական պաշտպանությունը, ինչպես և եղել է վերջին տարիներին: 2020-ին ոլորտին հատկացվող գումարները 2019թ.-ի համեմատ ավելացել են 10,2 տոկոսով: 10 տոկոսով ավելանալու են ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին հատկացվող բյուջետային գումարները: Բյուջեի ծախսերի երրորդ խոշոր ոլորտը պաշտպանության ոլորտն է, սակայն աճն այստեղ անհամեմատ փոքր է՝ 0,8 տոկոս: Թերևս այս բյուջեից միակ «հեղափոխական» փաստն արձանագրենք հենց պաշտպանական ծախսերը. կրճատվող ծախսեր անվտանգային խդիրներով ժամ առ ժամ մոլեգնող տարածաշրջանում»,- մանրամասնեց փորձագետը:

Լ. Ամիրխանյանը պնդում է՝ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի մեծացումն ի հաշիվ ավտանգության, ոչ այլ ինչ է, քան վազք բազմիցս հնչեցված խոստումների ՝ ինչ-որ մասի, ինչ-որ չափով իրականացման հետևից: «Սա սեփական ձեռքով ստեղծված թակարդ է, որում այսօր հայտնվել է իշխանությունը, քանի որ մեր կարգավիճակում գտնվող երկրի համար ի հաշիվ պաշտպանության արվող ծախսերը ոչ մի կերպ չեն կարող արդարացված լինել»,- ամփոփեց փորձագետը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում