Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ)

Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Զիմբաբվեի Հվանգե քաղաքի ազգային պարկում վերջին երկու ամիսների ընթացքում քաղցի և ուժեղ երաշտի հետևանքով առնվազն 55 փիղ է սատկել, հաղորդում է BBC-ն:

«Դրությունը սարսափելի է: Փղերը սատկում են սովից, և դա մեծ խնդիր է»,– հայտնել է Զիմբաբվեի ազգային պարկի ներկայացուցիչ Տինաշե Ֆարավոն:

Հաղորդվում է, որ փղերից մի քանիսը հայտնաբերվել են ջրամբարներից 50 մետր շառավղի վրա, ինչը վկայում է այն մասին, որ նրանք սատկել են՝ այդպես էլ չհասնելով դրանց:

Ֆարավոյի խոսքով՝ ազգային պարկը պետական ֆինանսավորում չի ստանում և կարող է տեղավորել առավելագույնը 15 հազար փիղ, մինչդեռ դրանց փաստացի քանակը շատ ավելին է՝ շուրջ 50 հազար: Ստեղծված իրադրությունում կենդանիները լքում են ազգային պարկը՝ սննդի և ջրի որոնումների հետքերով:

Երաշտը հանգեցրել է Զիմբաբվեում բերքատվության զգալի նվազման, ինչի հետևանքով բնակչության մեկ երրորդը բախվել է պարենի խիստ պակասի խնդրին՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Օգոստոսին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում ասվում էր, որ երկու միլիոն մարդ երկրում կանգնած է քաղցի վտանգի առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում