Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան

Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ես այսօր ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը՝ սկսած ԱԺ այն աշխատակիցներից, ում անօրինական կերպով ազատել էին աշխատանքից, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության անդամ Լիկա Թումանյանը։

«Այստեղ մարդիկ են, ովքեր չեն լռում։ Մարդիկ, ովքեր չունեն քաղաքական շահեր, պետք է այստեղ լինեին։ Այսօրվա դրությամբ իրավական մարմինները հակառակ ուղղությամբ են ընթանում։ Եթե իրավապահ համակարգը չի կատարում իր գործառույթները, դրանք մենք պետք է անենք։ Քաղաքացիական դիրքորոշումն այսօր ավելի քան պահանջված է։ Եթե ուզում ենք, որ օրենքը պաշտպանի մեզ, պետք է պաշտպանենք օրենքը», – նշեց Լիկա Թումանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վերջինիս պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։

Քաղաքական և իրավաբանական շրջանակներում վերջինիս ձերբակալությունը խոր տարակուսանք է առաջացրել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բաբայանի ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է. «Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»։

Արսեն Բաբայանի ձերբակալության մասին այսօր արտահայտվել է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նշել է, որ նման գործընթացը լրացուցիչ ճնշում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալման թեման չի շրջանցել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ով գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում