«Հրապարակ». ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը պնդում է, որ ՍԴ գրության վերաբերյալ Արսեն Բաբայանից որևէ հրահանգ չի ստացել

«Հրապարակ». ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը պնդում է, որ ՍԴ գրության վերաբերյալ Արսեն Բաբայանից որևէ հրահանգ չի ստացել

«Հրապարակ»-ը գրել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։ Եվ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։

«Ռուզաննա Արզումանյանն ամիսներ առաջ կենսաթոշակի է գնացել և այլևս չի աշխատում ԱԺ-ում։ Իսկ ինչո՞ւ է հենց Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տվել, այլ ոչ թե, ասենք, Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի։ Բանն այն է, որ ընդհանուր բաժինը գործել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այլ տեղակալի կուրացիայի տակ։ Ի դեպ, Արզումանյանի հետ երկար տարիներ աշխատած մեր զրուցակիցները պատմեցին, որ տիկինը մշտապես աչքի է ընկել իր «դնջությամբ» և հաճախ է ուշացրել կարևոր գրությունները»,-գրել է թերթը։ 

Թերթը hավելել է, որ չնայած այն փաստին, որ Ռուզաննա Արզումանյանին տեսել էին Հատուկ քննչական ծառայությունում և վստահ են, որ հենց նա է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի դեմ՝ նպաստելով վերջինիս ձերբակալությանը, նա թերթի հետ զրույցում կտրականապես հերքել է գործող իշխանությունների հետ իր համագործակցության մասին լուրերը։

Արզումանյանի հետ «Հրապարակ»-ի հարազրույցը՝ ստորև.

-Տիկին Արզումանյան, տեղյակ եք, որ ՀՔԾ-ում գործ է հարուցվել, և այդ շրջանակներում նախօրեին ձերբակալել են Ձեր նախկին վերադաս Արսեն Բաբայանին։

-Ոչ, տեղյակ չեմ, ես թոշակի մեջ եմ և ոչ մի բանից տեղյակ չեմ։

-Մինչդեռ կան տեղեկություններ, որ Դուք «աջակցել» եք իրավապահներին․ որևէ բացատրություն կամ ցուցմունք տվե՞լ եք ՀՔԾ-ում․․․

-Որևէ, որևէ բանից տեղեկություն չունեմ, ես թոշակի եմ անցել, որևէ տեղեկություն չունեմ, ես լսեցի, նայեցի հեռուստացույցով և հեռուստացույցից եմ իմացել։

-Դուք Բաբայանի դեմ ցուցմունք չե՞ք տվել, որ նա է Ձեզ պարտադրել փոխել Գագիկ Հարությունյանի դիմումի ամսաթիվը, գրել, որ հետին թվով եք մուտք արել ԱԺ ընդհանուր բաժին։

-Դուք բառեր եք ասում, որ ես պնդում եմ՝ որևէ տեղեկություն չունեմ այդ բանի առիթով։

-Ձեզ չե՞ն հարցաքննել։

– Ոչ, ոչ։

-Դուք բացատրություն չե՞ք ներկայացրել նշածս փաստով։

-Որևէ տեղեկություն չունեմ այդ գործից։

– Բայց գրե՞լ եք բացատրություն։

-Ոչ։

-Իսկ որևէ մեկին պատմե՞լ եք, որ, իբր, Արսեն Բաբայանը Ձեզ պարտադրել է։

– Ոչ, ոչ և ոչ։

-Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը Ձեր անունից այդ տեղեկությունը տար։

-Ոչ, բոլորովին, ո՞վ պետք է գրած լինի, ում ուզում եք՝ գնացեք հարցրեք։

-Տարօրինակ է, որ չեք հիշում՝ այդ դիմումի հետ կապված խնդիրներ ծագե՞լ էին, թե՞ ոչ։

-Չեմ հիշում․ ես ինչքան ժամանակ է՝ թոշակի մեջ եմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում