«Փաստ». Օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կկարողանա՞ն դուրս գալ իրենց գործողությունների տակից

«Փաստ». Օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կկարողանա՞ն դուրս գալ իրենց գործողությունների տակից

«Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նոր դրսևորումներ են ստանում։ Բարձր դատարանը նույնպես «գրավելը» դարձել է իշխանությունների նպատակների բարձրակետը:

Իշխանությունը մտադիր է տարբեր մեթոդներով ճնշումներ բանեցնել, որպեսզի վերակազմավորի ՍԴ-ն և դատարանի անդամներ նշանակի իր կողմնակիցներին, որոնք կամակատարի գործառույթ կստանձնեն։

Եվ այս նպատակին հասնելու համար առաջինը հարվածի տակ է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Իշխանությունը փորձում է տարբեր մեթոդներով ճնշում գործադրել նրա վրա, որ ստիպված լինի հրաժարական տալ։

Սկզբից ձերբակալվում են նրա սանիկները, ապա գործի է դրվում իշխանության կողմից հիմնական ճնշման գործիքը՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, փորձ է կատարվում Թովմասյանին ներկայացնել ինչ-որ չարաշահումների լույսի ներքո, ուսումնասիրում են հայրական տան տանիքը:

Սակայն քրեական գործերի հարուցումը դեռևս չի նշանակում, որ իսկապես այդ չարաշահումներն ապացուցված են, քանի որ բոլորս էլ այս ընթացքում բազմաթիվ քրեական գործերի ենք ականատես եղել, որոնք ի վերջո անհիմն են դուրս եկել և ընթացք չեն ստացել։ Առավել ևս՝ ՀՔԾ-ի կողմից հարուցված գործերը:

Եվ երբ այս պայմաններում Թովմասյանը շարունակեց դիմադրել, հրաժարական չներկայացրեց, արդեն հարցաքննության կանչվեցին նրա ընտանիքի անդամները՝ հայրը և դուստրերը։

Բայց սրանով ՍԴ նախագահի նկատմամբ ճնշումները չդադարեցին, ավելին՝ Թովմասյանի և իր հարազատների նկատմամբ ճնշումները նոր փուլ են թևակոխում։

Մինչ հանրությունը ականատես է լինում Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների սաստկացմանը, իշխանության տարբեր խոսափողներ մեղադրանքներ են հասցեագրում ՍԴ անդամներին և իրականացվող գործողությունները համարում են օրինաչափ։

Իսկ որոշ դեպքերում էլ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները կանաչ լույսի դեր են կատարում նոր քրեական գործերի հարուցման և ձերբակալությունների համար։

Այսպես, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նախօրեին հարցազրույց է տվել ու նշել, թե ՍԴ նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունների հետ կապված խնդիր չի տեսնում։

Ըստ Կարապետյանի, «շուտով փոփոխությունները գալու են նաև ՍԴ՝ ամբողջությամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի խախտումները, որոնք բազմաթիվ են եղել և որոնց միջոցով նախկին իշխանության մնացորդներն ուզում են պահպանել իրենց փոքր ազդեցությունը, որը դեռևս կա»։

Այս հայտարարությունից ժամեր անց ձերբակալվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Պատահականությո՞ւն է: Հազիվ թե:

Ըստ ՀՔԾ-ի, քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Բազմաթիվ իրավաբաններ արդեն իսկ շեշտել են, որ գործ ունենք քաղաքական ասպեկտի հետ: Ուշագրավ է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, ուր մասնավորաբար այսպիսի դիտարկում կա.

«…վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում»: Իսկապես խոսուն ձևակերպում է:

Իսկ ինչո՞ւ ՀՔԾ-ի «ընտրությունը» այս անգամ կանգ առավ հենց Արսեն Բաբայանի վրա:

Պատասխանն ակնհայտ է. նա Հրայր Թովմասյանի ընկերն է։ Այն, որ գործ ունենք իրավական անգրագիտության ու փնթիության հետ, արդեն բարձրաձայնել են մասնագետները:

Պարզապես ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է տարբեր կողմերից ականապատել Հրայր Թովմասյանին, իսկ թե ինչ ճանապարհներով, դա այլևս նրանց բացարձակ չի հետաքրքրում, կարևորը արդյունք ստանան ու արդյունքի մասին զեկուցեն «շեֆին»:

Այդուամենայնիվ, մի շատ կարևոր հարց մնում է անպատասխան՝ օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները հետագայում կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում