«ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումները` կապված Սիրիայում հրադադարի հետ». Էրդողան

«ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումները` կապված Սիրիայում հրադադարի հետ». Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև օրեր առաջ ձեռք բերված 120-ժամյա հրադադարի մասին պայմանավորվածության ժամկետը սպառվել է: Հրադադարը նախատեսված էր քրդերին Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» դուրս բերելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այս ընթացքում չի կատարել իր խոստումները, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:

«Խոստումները չեն կատարվել, և եթե մենք զիջումների գնանք, ապա ճանապարհ կբացվի ահաբեկչական կազմակերպության համար»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ քրդական խմբավորումների դուրսբերման ընթացքում գրանցվել է 42 խախտում:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը փաստացի դադարեցված է, և ներկայում կարիք չկա «անվտանգության գոտուց» դուրս նոր գործողություն սկսելու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն» է եղել, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում