Այս ամենում իրավաբանություն չենք տեսնում, միայն քաղաքականություն է, անձնական հաշվեհարդար. փաստաբան Միհրան Պողոսյան

Այս ամենում իրավաբանություն չենք տեսնում, միայն քաղաքականություն է, անձնական հաշվեհարդար. փաստաբան Միհրան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արսեն Բաբայանին փորձում են օգտագործել Սահմանադրական դատարանի նախագահի հետ կապված քաղաքական և անձնական ճնշումների համատեքստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը։

«Այսինքն հատուկ քննչական ծառայությունն այս պահին իր տրամաբանությամբ ինչ-որ ֆիլմից հանգամանքներ է նկարագրել ու փաստել, որ տեղի է ունեցել իշխանության յուրացում և նպատակն ակնհայտ է, որ մեկն է` Սահմանադրական դատարանը ի դեմս Հրայր Թովմասյանի գլխատելու ու ունենալու օրվա իշխանությունների քմահաճույքը կատարող Սահմանադրական դատարան»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանը նշեց, որ կարծում է, թե խնդիրը ոչ միայն Սահմանադրական դատարանի հետ է կապված, այլ մեսիջ է ամբողջ դատական համակարգին: «Սահմանադրական դատարանն այս մեթոդներով վերցնելու պարագայում այն հստակ մեսիջ է լինելու Հայաստանում աշխատող ցանկացած դատավորի համար, որ տեսեք, մենք նույնիսկ Սահմանադրական դատարանի նկատմամբ մեր ցանկացած կամքը կիրառեցինք, և որ որևէ դատավոր չփորձի իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնել: Մենք իրավաբանություն այս ամենում չենք տեսնում, միայն քաղաքականություն է, միմիայն անձնական հաշվեհարդար»,-ընդգծեց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ այս ամենում մեկ նպատակ է տեսնում` վերացնել գործադիր իշխանությանը զսպող մյուս մարմիններին: «Հաշվի առնելով այժմյան իշխանության գործելաոճը՝ ես սրա վերջը չեմ տեսնում: Նպատակը տեսնում եմ` իշխանության ամբողջական բռնազավթում` առանց հակակշիռների, սակայն կստացվի, թե՝ չի ստացվի, դա արդեն հակակշիռներից է կախված, թե մեր հասարակությունը ինչ արձագանք կտա այս գործողություններին»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում