Էրդողանն առաջարկել է Ջոնսոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանամերձ քաղաքներից մեկում

Էրդողանն առաջարկել է Ջոնսոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանամերձ քաղաքներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպել Ստամբուլում կամ Սիրիային սահմանակից թուրքական Շանլըուրֆա կամ Գազիանթեփ քաղաքներից մեկում: Այս մասին տեղեկացնում է Haberturk հեռուստաալիքը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ մտադրություն ունի Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանի հետ Լոնդոնում:

«Երկու օր առաջ ինձ զանգահարել է Բորիս Ջոնսոնը և առաջարկել չորսով հանդիպում ունենալ Լոնդոնում: Ես պատասխանեցի, որ ավելի լավ է Ստամբուլում, կամ Սիրիային սահմանակից քաղաքներից մեկում՝ Շանլըուրֆայում կամ Գազիանթեփում»,– նշել է Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահի խոսքով, եթե իր գործընկերները հրաժարվեն գալ Թուրքիա, այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության դադարեցման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում